Ազգային ժողովի՝ նոյեմբերի 28-ի արտահերթ նիստին քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը: Օրակարգային միակ նախագիծը ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին: Այն վավերացնելով՝ ՀՀ-ն և ԵՄ-ն կսահմանեն ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները:
«ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ընդլայնվող համագործակցության շրջանակներում արդեն իսկ շատ կարևոր տեղ է զբաղեցնում անվտանգային և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, և այս համագործակցության շրջանակներում է նաև, որ Հայաստանում տեղակայվել է ԵՄ դիտորդական առաքելություն, և ՀՀ-ն ցանկություն ունի ոչ միայն անվտանգության սպառող լինել, այլև աջակցել այն անվտանգային միջոցառումներին, որ մեր եվրոպացի գործընկերներն իրականացնում են:
Այս պահին գործում է ԵՄ-ի 20 նման առաքելություն, որոնց մանդատը սահմանված է կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներով, օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինայում գործող առաքելությունը, կա՛մ նման հրավեր է եղել տվյալ պետությունների կողմից ԵՄ առաքելություն հյուրընկալելու համար, ինչը նաև Հայաստանի դեպքում է տեղի ունեցել»,- ասաց նա:
Անդրադառնալով համաձայնագրի ֆինանսական բաղադրիչին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այն սահմանում է, որ մասնակից պետություններն իրենք են հոգում իրենց անձնակազմի համապատասխան ծախսերը՝ մասնակցելու առաքելությանը:
«Միևնույն ժամանակ ԵՄ-ն թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական առաքելությունների պարագայում ունի համապատասխան գործիքակազմ, որով հնարավորություն ունի աջակցելու մասնակցող պետություններին: Այստեղ տարբեր հաշվարկային մեխանիզմներ կան, այդ թվում՝ պետությունների ՀՆԱ-ի հետ կապված»,- ասաց նա:
Փոխարտգործնախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ-ն չի բյուջետավորել մեր մասնակցության մասին ծախսերը, քանի որ այս պահին ընդամենը փորձ է արվում համագործակցության համար օրենսդրական շրջանակ ստեղծել, և որոշում չկա համապատասխան առաքելության մասնակցելու համար: Բայց անհրաժեշտության դեպքում պահուստային ֆոնդից հնարավոր կլինի հոգալ ծախսերը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպես է ՀՀ-ն մասնակցելու այս կամ այն առաքելությանը, Կոստանյանը պարզաբանեց. «Կա ֆորմալ կողմ, որն արձանագրված է համաձայնագրի մեջ, որն ասում է, որ ԵՄ-ն հրավեր է ուղարկում, և Հայաստանը դիտարկում է առաքելություններից յուրաքանչյուրին մասնակցելու հնարավորությունը, մերժում է կամ հաստատում:
Բայց ցանկացած քաղաքական պրոցեսի պարագայում նաև նախնական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, և ՀՀ-ն եվրոպացի գործընկերներին ոչ ֆորմալ քննարկումների ընթացքում հնարավորություն ունի հայտնել, թե որոնք են այն առաքելությունները, որոնց ՀՀ-ն պոտենցիալ մասնակցելու ցանկություն ունի»: