Ներկայումս մշակում ենք հայերենի իմացության մակարդակների, չափորոշիչների, նաև հայերենի իմացույթյան ստուգման առցանց համակարգ, որն առաջիկայում, հաշվի առնելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, որն արդեն իսկ ուժի մեջ է մտել, կարողանալու է դառնալ մեր հիմնական գործիքակազմը ընդունելության քննությունների կոնտեքստում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ լեզվի կենսունակությանն ուղղված մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում:
«Այս ուղղությամբ աշխատանքներն սկսված են ավելի քան 1,5 տարի, և ունենք մեծ առաջընթաց ու կարողանալու ենք համակարգը գործարկել հաջորդ տարի:
Սա օգնում է նաև, որպեսզի հայերենի թվանշային տիրույթում զարգացման քաղաքականությունն ապահովենք»,- ասաց նախարարը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք հատկապես արհեստական բանականությանն են վերաբերում:
«Մենք ունենք լրջագույն խնդիր հայերենով շտեմարանների առկայության, որովհետև ԱԲ-ի գործիքակազմի՝ հատկապես որոշակի տրամաբանությամբ օգտագործումը պահանջում է, որպեսզի այդ համարժեք շտեմարանները լինեն, և այն պատասխանները, որոնք ստանում ենք, և այն օգտակարությունը, որոնք ունենում են այդ տեխնոլոգիական գործիքները, ինչ-որ տրամաբանության մեջ լինեն»,- ասաց նա: