Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, Եկեղեցու հետ հարաբերություններին և սփյուռքահայ գործիչների ստորագրած նամակին։ Վարչապետը պնդել է, թե ընթացող գործընթացների իրական նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է։
Կաթողիկոսությունը տեղափոխելու «դավադիր պլանի» մասին, ըստ Փաշինյանի՝ արտաքին ուժերը ցանկանում են տեղափոխել հոգևոր կենտրոնը (Վիեննա, Մոսկվա կամ այլուր)՝ այն Հայաստանի դեմ օգտագործելու համար․
«Այս պատմությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է և որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանքը ուժեղացնելը և որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը»։
Փաշինյանը հայտարարել է, որ այսօր՝ 2026 թվականի փետրվարի 13-ի դրությամբ, իրենք «փոխել են պատմության ընթացքը» և թույլ չեն տա իրագործել այդ ծրագիրը։
Վարչապետը զգուշացրել է գործընթացին միջամտող սփյուռքի որոշ ներկայացուցիչներին՝ նշելով, որ դավադիր պլանում ներգրավվելը լրջորեն խաթարում է ՀՀ պետական անվտանգությունը, և ՀՀ-ն չի պատրաստվում «դիտորդի նման» հետևել․
«Ուզում եմ զգուշացնել նաև սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ էս դավադիր պլանում ներգրավվելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը... Հակազդեցությունը լինելու է, և շատ կոշտ հակազդեցություն է լինելու։ Բարերարների դիմակի ներքո թաքնվածները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները... Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ՝ ՀՀ-ին հասու բոլոր միջոցներով»։
Փաշինյանը հավելել է, որ նրանցից ոմանք այդ մասին շատ ուղիղ խոսում են․ «Ես զգուշացրել եմ, որ չխոսեն և չգործեն էդ ուղղությամբ։ Զգուշացումները չեն լսել, ուրեմն կզգան զգուշացումները»։
Հիշեցնենք՝ սփյուռքի մի խումբ հայ գործիչներ բաց նամակ են տարածել՝ Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացող հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով Եկեղեցու ինքնակառավարման կարևորությունը, քաղաքական միջամտությունից խուսափելու անհրաժեշտությունը և սփյուռքի հայերի կրոնական իրավունքների պաշտպանության հրամայականը: Այդ գործիչների թվում են Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը: