Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ամփոփմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:
Արմեն Չիչոյանը, ներկայացնելով Շիրակի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 2763 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3297 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 768 քրեական վարույթ՝ 807 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 520 քրեական վարույթ՝ 591 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 735 քրեական գործ՝ 824 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 522 քրեական գործ՝ 578 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 77 միլիոն 160 հազար դրամ: 2025 թվականին Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 21 միլիոն 972 հազար դրամը:
Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Շիրակի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել 32 միլիոն 673 հազար դրամ:
Բացի դրանից, Արմեն Չիչոյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն քաղաքացիական և վարչական դատարանների կողմից վարույթ են ընդունվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված 3 հայցեր: Դատախազությունը հայցերով պահանջել է Գյումրի, Արթիկ ու Ամասիա համայնքների սեփականության իրավունքը վերականգնել Գյումրի համայնքի Արագած 6 թաղամասում գտնվող գույքի, Արթիկ համայնքի Շինարարների փողոցի 7 հասցեում գտնվող՝ նախկին մսուր-մանկապարտեզի 964.20 քմ մակերեսով շինության և Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակություն ունեցող 2.5813 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: