Վաշինգտոնը ցանկանում է, որ եվրոպական երկրները լինեն ուժեղ և կարողանան պաշտպանվել՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մարկո Ռուբիոն շեշտել է՝ պատմությունը ցույց է տվել, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների ճակատագրերն անբաժանելիորեն կապված են և միշտ կլինեն: Նրա խոսքով՝ կողմերի միջև տարաձայնությունների պատճառն այն է, որ Վաշինգտոնին մտահոգում է Եվրոպայի ապագան: Ռուբիոն համոզված է, որ այդ ուղղությամբ հարկավոր է համատեղել ջանքերը: «Մենք չենք ցանկանում խզել հարաբերությունները, մենք ցանկանում ենք վերականգնել հին բարեկամությունը»,- ընդգծել է պետքարտուղարը։ Նա նաև անիմաստ է համարել առանց սահմանների աշխարհի և ազգային շահը համաշխարհային շահին ստորադասելու գաղափարախոսությունը:
Ռուբիոն քննադատել է ՄԱԿ-ը՝ նշելով, որ այն չի կարողացել հասցեագրել ընթացիկ ամենասուր խնդիրները, այդ թվում՝ Գազայի կամ Ուկրաինայի հետ կապված։ Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ամերիկացի դիվանագետը հայտնել է, որ Մոսկվային և Կիևին վերջին շրջանում հաջողվել է նեղացնել վիճելի հարցերի շրջանակը, մնացել են ամենաբարդ խնդիրները: Նա նշել է, որ բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա փետրվարի 17-ին՝ Ժնևում, դրան կմասնակցեն նաև Սպիտակ տան պատվիրակները: «Մենք չգիտենք՝ արդյոք Ռուսաստանը լուրջ է տրամադրված պատերազմն ավարտելու հարցում, սակայն կշարունակենք աշխատանքները»,- հավելել է Ռուբիոն:
Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ռազմավարական սխալ կլիներ չերկխոսել Չինաստանի հետ՝ չնայած առկա տարածայնություններին:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։