Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի (UNGA) և Climate Week-ի շրջանակում Կոլումբիայի Հանրապետության նախաձեռնությամբ կայացել է «Դիմակայուն ապագայի բացում․ կլիմայի և բնության համադրությունը COP30-ի ճանապարհին» խորագրով նախարարական բարձր մակարդակի քննարկում։ Այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը:
Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը և Կոլումբիայի COP16 նախագահ Իռենե Վելեսը։
«Քննարկումը տեղի ունեցավ այն օրերին, երբ Նյու Յորքում ընթանում են տասնյակ հանդիպումներ՝ ընդգծելով երկրների առաջնորդությունը և համագործակցության ուժը՝ նոր Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDCs) ներկայացման և առաջիկա գործողությունների համատեքստում։
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները և առաջնահերթությունները։ Իր խոսքում նախարարը ընդգծեց, որ Հայաստանը, լինելով լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր, հատկապես խոցելի է կլիմայական փոփոխությունների հետևանքների նկատմամբ։ Դրանք արդեն իսկ զգալի ազդեցություն են ունենում գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, առողջապահության, էներգետիկ համակարգերի, ենթակառուցվածքների և կենսաբազմազանության վրա։
Չնայած առկա մարտահրավերներին՝ նախարարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը՝ քայլելու համարձակ կլիմայական քաղաքականության ուղով։ Նրա խոսքով՝ այս քաղաքականության հիմքում ընկած են համերաշխության, հավասարության և միջազգային համագործակցության սկզբունքները։ Նա նաև շեշտեց, որ միայն համախմբված և համակարգված գործողություններն են ի վիճակի ապահովել կայուն և կենսունակ ապագա։
Նախարար Մաթևոսյանը հատուկ ընդգծեց, որ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17), որը լինելու է կարևոր հարթակ՝ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի համադրման, ինչպես նաև Ռիոյի երեք հիմնական կոնվենցիաների միջև համագործակցության խորացման առումով։
Իր ելույթում նախարարը կարևորեց բնության վրա հիմնված լուծումների խթանումը՝ որպես կլիմայական մարտահրավերների պատասխան և կենսաբազմազանության պահպանման ուղի։ Նա նաև նշեց քաղաքացիական հասարակության, երիտասարդների, կանանց, տեղական համայնքների, գիտական հանրության և մասնավոր հատվածի ներգրավվածության անհրաժեշտությունը՝ որպես արդյունավետ և արդարացի քաղաքականության կառուցման կարևոր բաղադրիչ։
Ելույթի ավարտին նախարարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի և գործընկեր կառույցների հետ՝ ուղղված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի և Փարիզի համաձայնագրի իրականացմանն ու կայուն զարգացման նպատակների առաջմղմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։