22 միլիոն բնակչություն ունեցող Գուանչժոուում խցանումներ գրեթե չեն լինում։
Լրագրողական խմբին ուղեկցող Սան Ջոն Յանը պատմում է, որ քաղաքում չհաշվառված մեքենաների նկատմամբ սահմանափակումներ են գործում։ Աշխատանքային օրերին՝ առավոտյան ժամը 7։30-9։00-ն ու երեկոյան՝ ժամը 17։00-19։00-ն, դրանք չեն կարող քաղաք մտնել։ Խախտումների դեպքում երկու անգամ զգուշացում է նախատեսված, արդեն երրորդ անգամ տուգանք` 200 յուանի չափով։
Գուանչժոու քաղաքում շատ տարածված են հեծանիվները և մոպեդները, որոնց համար առանձնացված գոտիներ կան։ Մետրոն արդեն ունի 18 կայարան։
Երթևեկության տարբեր սահմանափակումներ կան Չինաստանի տարբեր խոշոր քաղաքներում՝ ըստ յուրաքանչյուրի առանձնահատկությունների։ Պեկինում, օրինակ, բոլոր մեքենաները չէ, որ ամեն օր կարող են երթևեկել։ Քաղաքում երթևեկությունը սահմանափակված է՝ ըստ շաբաթվա օրերի ու ավտոմեքենաների պետհամարանիշների։ Օրինակ` երկուշաբթի փողոց դուրս գալու իրավունք չի տրվում վերջում 1 և 6 թվով պետհամարանիշով մեքենաներին։ Կարգը խախտելու դեպքում նախատեսված է 100 յուանի տուգանք։ Ընդ որում՝ դա կրկնվում է երեք ժամը մեկ, եթե մեքենան շարունակում է չթույլատրված օրը երթևեկել։ Այս սահմանափակումները չեն վերաբերում կանաչ համարանիշներով մեքենաներին։ Դրանք էլեկտրականներն են։ Բենզինով կամ հիբրիդային մեքենաները կապույտ համարանիշով են։
Հեղինակ՝ Աննա Զախարյան