10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՈՒՂՂՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻՆ
Երևան համայնքին կառավարության տրամադրած մոտ 10 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծախսերին. ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 4.7 միլիարդը նախատեսված է վերելակները փոխարինելու համար:
Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Ընդհանուր առմամբ 25 և ավելի տարի շահագործվող վերելակների քանակը 4 239 է: Այս պահի դրությամբ մենք արդեն իսկ փոխարինել ենք 1041 վերելակ: Այս տարվա ծավալը հաշվի առնելով` ընդհանուր փոխարինված վերելակների թիվը կհասնի 1614-ի: Նաև այս թիվը շատ հավանական է, որ կավելացնենք այս տարի սեփական միջոցների հաշվին:
Այդ գումարով կհիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, այգիներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կկառուցվեն շատրվաններ և կբարեկարգվի շրջակա տարածքը, Նոր Խարբերդ թաղամասում կսկվեն գազատարի կառուցման աշխատանքներ` առաջին փուլում՝ 10.6 կմ երկարությամբ: Արդյունքում, արդեն այս տարեվերջին գազամատակարարում կունենա 250 տուն կամ ընդհանուրի 10 տոկոսը: Այս ծրագրերի մասին նախագիծը, ինչպես և հետագա բոլոր նախագծերը, ընդունվեցին, բայց ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց՝ դեմ է քվեարկելու դրան, քանի որ ծախսերի վերաբերյալ տեղեկություն պահանջելու և չստանալու արդեն մի քանի փորձ ունի:
Իզաբելլա Աբգարյան (Երևանի ավագանու անդամ) - Հարգելի քաղաքացիներ, որպես Երևանի ավագանու անդամ` խոչընդոտվում է իմ կողմից ձեր պատվերով տարվող ֆինանսական ծախսերի վերահսկողությունը, տվյալներ են փորձում թաքցնել, խոչընդոտել իմ գործունեությունը, դրա համար այս նախագծին քվեարկելու եմ դեմ և այսուհետ բոլոր նախագծերին, որտեղ բյուջեից ծախս է լինելու:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ ավագանու անդամը սկսել է հետաքրքրվել Երևան քաղաքում իրականացվող շինբարեկարգման աշխատանքներով, դրանց հետ կապված ընթացակարգերով, նախագծերի առկայությունով: Այս հարցին անդրադարձը պետք էր անել չորս տարի առաջ: Դուք սկսել եք խոսել էս թեմայի վերաբերյալ, երբ որ արդեն իսկ ստանդարտները սկսել են ներմուծվել մեր կողմից, առանց որևէ հուշման: Հետևապես, հարգելի ավագանու անդամին նաև կխնդրեմ և կհուշեմ, անդրադառնալ վերջին չորս տարիներին` մինչև 2022 թվականը, իրականացված շինբարեկարգման աշխատանքներին: Այ, այդտեղ կարող է և շատ հետաքրքիր փաստեր ի հայտ գան:
«ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքի քանի տոկոսն է կատարվել, որքան է կազմելու ամբողջ ծախսը, ու ինչու նոր կայարանի կառուցման համար որպես հիմք չընդունվեցին Խորհրդային Միության տարիներին արված նախագծա-նախահաշվային աշխատանքները, այլ նորը պատվիրելու համար տրամադրվեցին հսկայական գումարներ: Կառավարությունն ու քաղաքապետարանը միասին հատկացրել են մոտ 1 միլիարդ 800 մլն դրամ:
Տիգրան Ավինյան - Սովետական Միությունը փլուզվել է 90-ականներից, այդ ժամանակաշրջանից ի վեր մեր կյանքում շատ բաներ են փոխվել, տեխնոլոգիաներ են փոխվել, նախագծային նոր մեթոդներ են ի հայտ եկել՝ ավելի մոդեռն, ավելի հետաքրքիր ինժեներական լուծումներով:
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը կլինի տարեվերջին, իսկ շինարարության արժեքը Ավինյանը չնշեց՝ վերջնական հաշվարկներ դեռ չկան: Շուտով, ըստ նրա, մրցույթ է լինելու նաև «Սուրմալու»-ի հարակից հատվածում կայարանի նախագծման աշխատանքների համար: Իսկ մետրոյի հաջորդ հնարավոր կայարանը նախատեսվում է Նազարբեկյան թաղամասում:
Մարկոս Հարությունյան (Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ) - Պարոն Ավինյան, հավատում եմ, թե չեմ հավատում, դուք ինքներդ էլ բազմաթիվ անգամ համոզվել եք, որ ընդդիմադիր անդամ լինելով` բոլոր հրապարակային հարցազրույցներով ձեր մասին լավն եմ արտահայտվել, որովհետև լավն եմ տեսել ձեր կողմից: Անկեղծ եմ ասում՝ ես էդ Նազարբեկյան կայարանին չեմ հավատում:
«Ես էլ հավատում եմ», «Կապրենք, կտեսնենք»
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ
Քաղաքի տեսքն աղճատվում է բազմաթիվ արտաքին գովազդների պատճառով: Սա նույնպես արձանագրվեց ավագանու նիստում: Ընդունված նախագծերից մեկով լրամշակվել, հստակեցվել են արտաքին գովազդի չափորոշիչները:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մարդիկ, մեր տնտեսվարողները, պետք է բոլորս հասկանանք, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր: Այսինքն՝ գովազդը պետք է հարմարվի շենքին, հնարավորինս համեստ լինի, չփչացնի այն:
Արտաքին գովազդի նոր թույլտվություններն արդեն կլինեն նոր կարգով, իսկ մինչև այժմ տեղադրված գովազդները կարող են պահպանվել մինչև դեկտեմբերի 31-ը: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հաստիքներն ավելացան երկուսով, երկուսն էլ՝ առաջին կարգի մասնագետի: Ընդհանուր՝ կլինի 15 աշխատակից: Աշխատանքի ծավալի մեծացման պատճառով 6 հաստիք էլ ավելացավ Տրանասպորտի վարչությունում՝ դառնալով 15:
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Ավագանու նիստում որոշումներ եղան նաև փողոցներ ու դպրոցներ անվանակոչելու մասին:
Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կոչվեց կինոգործիչ Ֆրունզե Դովլաթյանի անունով, Դավթաշենի 2-րդ փողոցը՝ ակադեմիկոս Պարիս Հերունու: Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցն այսուհետև կկոչվի քանդակագործ Թերեզա Միրզոյանի անվամբ, 6-րդը՝ քանդակագործ Արա Հարությունյանի, իսկ 10-րդը՝ նկարիչ Սուրեն Սաֆարյանի:
Ավագանու որոշմամբ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը կտեղադրվի Մանկական այգում, Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում: Համար 180 դպրոցը կկրի արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը, իսկ համար 163 դպրոցը՝ գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունը:
Հեղինակ` Աննա Զախարյան