Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակ՝ ավելի տաք և ավելի չոր, քան այն պայմանները, որոնք այս էկոհամակարգը ապրել է վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Խոսքը, այսպես կոչված, հիպերտրոպիկական կլիմայի ձևավորման մասին է՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ, հաճախակի և երկարատև երաշտներ,տեղումների խաթարում՝ նույնիսկ անձրևների սեզոնին:
Գիտնականների գնահատմամբ՝ եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն բարձր մակարդակի վրա մինչև 21-րդ դարի վերջը, ապա նման պայմանները Ամազոնում կարող են դիտվել տարեկան մինչև 150 օր։
Սա լուրջ ազդակ է ոչ միայն տեղական էկոհամակարգերի, այլև գլոբալ կլիմայական հավասարակշռության համար․ Ամազոնը կարևոր դեր ունի ածխածնի շրջանառության, տեղումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանման գործում։