Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը անցկացրել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման գծով աշխատանքային խմբի առաջին նիստը:
Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ քննարկվել են օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, երկրների միջև գործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարը:
Անդրադարձ է եղել էներգետիկայի, առևտրի և տարանցման, տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական ներդրումների, պաշտպանության, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում շփումներին:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից էլ նշել են, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ՝ որպես ռազմավարական արժեքավոր գործընկերոջ, և առաջ մղել Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականը:
Դիվանագիտական ներկայացուցչությունն ընդգծել է Հարավային Կովկասի տնտեսական ներուժը բացահայտելու կարևորությունը: