Հայաստանում օդի աղտոտվածությունը բացասաբար է ազդում երեխաների առողջության վրա. բացի այդ, նրանց 48%-ն ապրում է թունաքիմիկատներով աղտոտված տարածքներում. տվյալները ներկայացված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմած՝ Երեխաների կլիմայական ռիսկի ինդեքսում: Մասնագետների խոսքով՝ այս առումով մեծ խնդիր է շարունակում մնալ իրազեկվածությունը, քանի որ նույնիսկ չափահաս մարդիկ տեղյակ չեն կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մասին: Այս նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի հետ Կլիմայի փոփոխության և ուսումնական նախագծային աշխատանքների իրականացման վերաբերյալ Հայաստանի 33 համայնքի 60 ուսուցչի համար հնգօրյա վերապատրաստում էր կազմակերպել, որոնք էլ ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները փոխանցելու են այլ ուսուցիչների:
Վիգեն Շիրվանյան (ՅՈՒՆԻՍԵՖ-ի կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար) - Պետք է 450-ից ավելի ուսուցիչների վերապատրաստեն բոլոր այդ 494 դպրոցների համար, որի արդյունքում կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագծային կրթությունը կմտնի բոլոր այս դպրոցներ, և աշակերտները հնարավորություն կունենան նախագծերի միջոցով իմանալ ավելին, հմտություններ ձեռք բերել, ուղղակի միջամտություն ունենալ իրենց համայնքներում առկա բնապահպանական, շրջակա միջավայրին առնչվող խնդիրների լուծման առումով:
Հայաստանը վերջերս է ստորագրել «Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին» միջկառավարական հռչակագիրը, որով պարտավորվում է կլիմայի փոփոխությանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ է նախատեսում:
Նոնա Բուդոյան (ՀՀ ՇՄՆ կլիմայական քաղաքականության վարչության պետ) - Այս պահին ՇՄՆ-ի համակարգմամբ իրականացվում է կրթական մոդելների ստեղծում և համակարգչային խաղերի տեսքով, նախատեսվում է նաև հեռախոսային հավելվածների միջոցով, որպեսզի երեխաները կարողանան հարմարվողականության միջոցառումների մասին խաղալով սովորել, դա շատ արդյունավետ միջոց է:
Մասնագետների համոզմամբ՝ օնլայն խաղերի և կրթական մոդուլների ստեղծումը կարևոր է, քանի որ այն հասանելի կլինի հեռավոր մարզերում բնակվող երեխաների համար, քանի որ կլիմայի փոփոխության տեսանկյունից նրանք առավել խոցելի են։ Ակնկալվում է, որ այս նախագծերի օգնությամբ երեխաները, դեռահասները, երիտասարդները ոչ միայն կմասնակցեն շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը, այլև կնվազեցնեն խնդրի նկատմամբ անտարբերությունը:
Լիանա Խաչատուրյան