Սիրելի՛ քաղաքացիներ, վերջին օրերին հաշվառման կարգի վերաբերյալ շահարկումները շատ են։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Հարցը մանիպուլացվում է տարբեր կողմերից, ուստի որոշ պարզաբանումներ կատարեմ։ Ապատեղեկատվություն է, թե հաշվառման կարգը փոխվել է, և սեփականատիրոջ համաձայնության բաղադրիչը հանվել է։ Հաշվառման կարգում տրամաբանությունը նույնն է 2005 թվականից։
Միակ փոփոխությունը, որ արվել է անցյալ տարեվերջին, այն է, որ հավատարիմ լինելով մեր թվայնացման օրակարգին՝ ստեղծել ենք MCS.register.am հարթակը, որի միջոցով փաստացի բնակության հիմքով դիմումներն ընդունվում են նաև օնլայն։
Ինչ վերաբերում է սեփականատիրոջ համաձայնության գործոնին, ապա կարգավորումը նույնն է արդեն ավելի քան 20 տարի։ Այն շատ պարզ է։
Փաստացի բնակության հիմքով հաշվառվելիս, անձը հայտնում է, թե որտեղ է բնակվում։ Համայնքային ոստիկանությունը ստուգում է փաստացի բնակվելու հանգամանքը։ Եթե արձանագրում է այդ փաստը, ապա հաշվառումը կատարվում է։
Ուշադրությու՛ն, հարգելի՛ քաղաքացիներ, եթե սեփականատերն առարկություն ունի, ապա հաշվառումը տեղի չի ունենում։ Ավելին, սեփականատերը կարող է ցանկություն հայտնել, որ առհասարակ իրեն պատկանող բնակելի տարածքում երբեք որևէ հաշվառում չիրականացվի։ Հետևաբար, բացառվում է այնպիսի իրավիճակ, որ որևէ հասցեում հաշվառվեն այնպիսի անձինք, որոնք այդտեղ չեն բնակվում։
Ապատեղեկատվություն են նաև այն պնդումները, թե հաշվառումների կարգը կարող է այս կամ այն կերպ ծառայեցվել ընտրությունների օրակարգին։ Սիրելի՛ քաղաքացիներ, ընտրելու իրավունքը ծագում է ոչ թե հաշվառման փաստից, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու և 18 տարին լրացած լինելու պայմաններից։
Հաշվառման հիման վրա ընդամենը որոշվում է անձի ընտրատեղամասը»,-նշել է նա։