Մինչ Ֆրանսիայի Սենատն ընդունում էր Հայաստանի և Արցախի դեմ Բաքվի ագրեսիան դատապարտող բանաձևը, ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվեց Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նամակը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան իր գործունեությունը դադարեցնելու մասին:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերի փորձագետ) - Աբսուրդ էր Մեհրիբան Ալիևայի` այդտեղ դեսպան լինելը` այն դեպքում, երբ Ադրբեջանը տարիներ շարունակ վանդալիզմ էր իրականացնում: Այն, որ դա կոռուպցիոն սխեմայի արդյունք է, դա էլ է ակնհայտ:
Թե՛ որոշման հրապարակումից առաջ, թե՛ դրանից հետո ադրբեջանական իշխանամետ մամուլը բավական ակտիվ տեղեկատվական արշավ իրականացրեց՝ փորձելով սևացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեությունը՝ կազմակերպությանը մեղադրելով երկակի ստանդարտների, հայամետության և կողմնակալության համար: Առանձնահատուկ ընդգծվում է, որ ներկայիս տնօրենը՝ Օդրի Ազուլեն, Ֆրանսիացի է: Մինչդեռ Ադրբեջանից դուրս բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր գործիչները պնդում են՝ այդ որոշումը Ադրբեջանի առաջին տիկինը սեփական կամքով չի կայացրել, նրան ստիպել են գնալ նման քայլի, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ղեկավարությունը խավիար չի սիրում:
Տարոն Հովհաննիսյան - Ադրբեջանական կողմում կան չհաստատված խոսակցություններ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ից են դիմել, ասել` հեռանա, հակառակ դեպքում իրեն կազատեն: Եվ ըստ այդ տվյալների` նա համաձայնել է, քանի դա կլիներ իմիջային հարված:
Օրինակ՝ ադրբեջանցի ակտիվիստ Բախտիար Հաջիևը, որը Ադրբեջանից հեռացել է տարիներ առաջ, Ալիևայի հայտարարությունից հետո Facebook-ում գրում է. «Կարծես Ազուլեն Իրինա Բոկովայի նման խավիար չի սիրում, այդ պատճառով էլ նրանց հարաբերությունները սառեցին»։
Իսկ ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, այժմ վտարանդի իրավապաշտպան Արիֆ Յունուսը ֆեյսբուքյան իր գրառմամբ պնդում է, որ այդ որոշումը կապված է տարիներ առաջ «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ, որը բացահայտեց Բաքվի կողմից եվրոպական տարբեր գործիչներին կաշառելու դեպքեր: Այդ շարքում էր նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախկին գլխավոր տնօրեն, բուլղարացի Իրինա Բոկովան, որն Ալիևային անձամբ էր պարգևատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևով՝ Մոցարտի շքանշանով:
Արիֆ Յունուս (ադրբեջանցի իրավապաշտպան) - Ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մեհրիբան Ալիևայի գովազդի համար ինչ-որ համաժողով, ցուցահանդես էր կազմակերպում, մի քանի օր անց Բաքվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ամուսնու՝ Կալին Միտրովի հաշվին գումարներ էին նստում՝ 100 000-ից մինչև 225 000 եվրո: Բայց առավել աղմկահարույցը այն տեղեկությունն էր, որ Բոկովան ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար լինելու տարիներին աշխատել է 780 հազար դոլար, ունի նաև երկու բնակարան Նյու Յորքում՝ 2.4 մլն դոլար արժողությամբ:
Այս բացահայտումներից հետո 2017 թ. Բոկովան լքեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, ըստ Յունուսի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը Ալիևային բարի կամքի դեսպանի կոչումից զրկելու մասին պահանջներ ներկայացվել են դեռ 2015-ից:
Արիֆ Յունուս - Մեհրիբան Ալիևային հեռացնելու հարցը որոշվել է լուծել լուռ և առանց սկանդալի: Նրան առաջարկել են, որ ինքն անձամբ հրաժարվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի կոչումից, քանի որ հակառակ դեպքում շատ բան դուրս կգա ջրի երես: Ահա թե ինչ է իրականում թաքնված Մեհրիբան Ալիևայի այդ նամակի հետևում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ուղղված նամակում Ալիևան որպես իր որոշման պատճառ նշում է իր ներկայիս զբաղվածությունը:
Տարոն Հովհաննիսյան - Դա Ադրբեջանին թույլ է տալիս մանևրել: Ադրբեջանական կողմը դա որպես բողոք է ներկայացնում:
Իր նամակում Ալիևան հույս է հայտնում, որ կառույցը, ի վերջո, առաքելություն կուղարկի Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներ՝ «գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգությանը հասցված վնասը»։ Սա՝ այն դեպքում, երբ դեռ 2020-ի դեկտեմբերին հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ին էր հայտարարել, որ Արցախ առաքելություն ուղարկելու հարցով Բաքվի պատասխանին է սպասում, որը, սակայն, ձգձգվում է: Ի պատասխան՝ Ադրբեջանի արտգործնախարարարությունն էլ նշել էր, թե, իբր, ՅՈՒՆԵՍԿՕ-ն քաղաքականացնում է հարցը։
Տարոն Հովհաննիսյան - Պարզապես պետք է ասել, որ Ալիևան սկսել է այդ տեղը ստանձնել Ջուղայի խաչքարերը ոչնչացնելուց հետո, երբ վերջին խաչքարերը նետվեցին Արցախ: Անմիջապես դրանից հետո այդպիսի պաշտոն ստացավ:
Եվ այդ պաշտոնում իր «բարի կամքը» դրսևորեց 18 տարի՝ այդ ընթացքում միլիոնավոր դոլարների «նվիրատվությունների» միջոցով փորձելով առաջ տանել հանդուրժողական և բազմամշակութային Ադրբեջանի կեղծ իմիջը:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան