Արդեն վեց ամիս է` պոլիէթիլենային տոպրակները հաստացել են և թանկացել, սակայն քաղաքացիները դեռ շարունակում են գնել դրանք: Ոմանք պոլիէթիլենային տոպրակները բազմակի են օգտագործում, ոմանք էլ կտորե պայուսակներ են պահում իրենց մոտ:
Օրենքի համապատասխան փոփոխությունն ընդունվեց 2020 թվականին՝ արգելելով մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը, բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների:
Տնտեսվարողներին, սակայն, մոտ 1 տարի 8 ամիս ժամանակ տրվեց` փոփոխությանը հարմարվելու համար, և արգելքն ուժի մեջ մտավ միայն այս տարվա հունվարին:
Ըստ որոշ դիտարկումների` ընդհանուր առմամբ տոպրակների պահանջարկը նվազել է:
Հայկ Մովսիսյան (ապրանքագետ) - Այն անվճար էր տրամադրվում հաճախորդներին, հետո, որ փոխվեց, արդեն 10 դրամ էր, մի ժամանակ կար, որ 10 դրամ էր, էդ ժամանակ էլի քանակությունը մեծ էր, բայց հունվարից սկսած արդեն էդ մեկ-երկու ամիսը եղան էլի բողոքներ, որ հաճախորդները, բնականաբար, բողոքում են, մտածում են, որ էդ թանկացումները ինչ-որ մեկի հետ են կապված, ինչ-որ մեկի գրպանն են գնում, բայց արդեն աստիճանաբար էդ ամեն ինչը նվազեց: Հիմա կոնկրետ ներկա պահին, 50 տոկոսից ավել կրճատվել է:
Բնապահպաններն ասում են՝ բազմաթիվ անգամ օգտագործված տոպրակներն ավելի արագ են քայքայվում, բայց 50 միկրոնից ավելի հաստ փաթեթները միայն մեկ անգամ օգտագործելն ու նետելը կարող են հավելյալ խնդիրներ ստեղծել շրջակա միջավայրի համար:
Սիրին Ղազարյան (բնապահպան) - Առաջին գիտակցումը տոպրակ չվերցնելու պիտի լինի այն, որ դրանով մենք վնասում ենք բնությունը: Ըստ իս՝ պետք է սկսենք ոչ թե թանկացնել տոպրակները, այլ նշել պատճառը, թե ինչու ենք մենք հիմա վճարելու տոպրակի համար, որովհետև դա վնասում է բնությունը, որովհետև մենք ցանկանում ենք նվազեցնել, այսինքն՝ դա դեռ պետք է սկսենք դպրոցից:
«Լուրերը» փորձեց ստանալ վիճակագրություն՝ օրենքի ընդունումից հետո պոլիէթիլենային տոպրակների սպառման վերաբերյալ: Շրջակա միջավայրի նախարարությունը, պարզվում է, դեռ նման վերլուծություն չի արել:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան