Ջրում, օդում և ցամաքում: Հայաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող քայլերի առումով տարածաշրջանում առաջատարն է: Այս պահին կառուցվում են արևային և հողմային մի շարք կայաններ, քայլեր են արվում գեոթերմալ էներգետիկան զարգացնելու ուղղությամբ:
Հայաստանում կկառուցվի տարածաշրջանում առաջին փորձնական լողացող ֆոտովոլտային կայանը։ Ֆրանսիական ընկերությունը նախնական ընտրել է Ազատանի, Ապարանի ջրամբարներն ու Երևանյան լիճը։
Իրականացման ճանապարհին է աշխարհում առաջատար՝ Մասդարի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման առաջին նախագիծը: Կայանը նախատեսվում է շահագործման հանձնել 4 տարի անց: Կներդրվի 174 մլն դոլար, որից 15%-ը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից:
Գեղարքունիքի մարզում 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային կայանի գործարկումը ևս հնարավորություն կտա հոսանքի սակագինն էականորեն նվազեցնել: Հայաստանում մինչև այս տրվել են 210 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման լիցենզիաներ, որոնք գործարկելուց հետո կմիացվեն ընդհանուր էներգետիկ ցանցին:
Հայաստանի կառավարությունն էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախանշել է մինչև 2030 թվականն ունենալ ընդհանուր էներգետիկ ցանցին միացված մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ:
Ռազմավարական ծրագրով նախատեսվում է նաև կառուցել մինչև 500 ՄՎտ հզորությամբ հողմակայաններ: Օգտագործվելու է նաև ընդերքի պոտենցիալը: Ուսումնասիրություններ են կատարվում Սյունիքի մարզում գեոթերմալ կայանի կառուցման ուղղությամբ:
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նաև օրինագծերի փաթեթ, որով վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով: Մինչ այս կայանները կարող էին կառուցվել բացառապես էլեկտրաէներգիայի գնման երաշխիք ստանալու կամ պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրեր կնքելու դեպքում:
Վրույր Մկրտչյան, Ժիրայր Հաբեթյան