Որքան մոտենում է խորհրդարանի ընտրության օրը, այնքան ավելանում է համացանց արտանետվող կեղծ լուրերի թիվը:
Վերջին օրինակներից է Իվետա Մուկուչյանի կիսալուսնային կախազարդով՝ արհեստական բանականությամբ ստեղծված նկարը, որը շատ արագ դարձավ վիրուսային, այն դեպքում, երբ համերգը ուղիղ հեռարձակվում էր:
Վերջին շաբաթներին ավելացել են նաև կեղծ լուրերի տարածման ձևերն ու թիրախները, եթե նախկինում առաջին դեմքերն էին թիրախում, ապա այժմ՝ հանրության ամենատարբեր շրջանակները։
Զեղծարարները հիմնականում խաղում են հասարակության էմոցիաների ու անտեղյակության վրա, նշում են մասնագետները: Օրինակ՝ թուրք օգտատիրոջ հրապարակած լուսանկարում ռոք մշակույթին բնորոշ ժեստը հրամցվում է որպես գորշ գայլերի նշան:
Փորձագետները նաև նկատում են, որ ապատեղեկատվական գրոհները հիմնականում գագաթնակետին են հասնում համապետական կարևոր իրադարձություններից առաջ, և այժմ էլ Հայաստանը վարկաբեկող արտաքին տեղեկատվական միջամտությունը ակտիվ փուլում է։
Քանի որ կեղծ լուրերի ավելացմանը զուգընթաց ավելանում է նաև ատելության խոսքը, քարոզարշավի մեկնարկից առաջ ստեղծվել է «Փաստացի խմբագրություն» ֆեյսբուքի էջը՝ ատելության խոսքը մեղմելու և թացը չորից տարբերակելու համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան