Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
.jpg)
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի խորհուրդն ու նշանակությունը:
Ինգա Ռուգինիենեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
.jpg)
Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև Ինգա Ռուգինիենեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը բարձրաստիճան հյուրին նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանի անգլերեն պատկերագիրքը: