Չեխիան իր օդային տարածքով թռիչքի թույլտվություն է տվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ինքնաթիռին, որը մայիսի 9-ի կապակցությամբ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնել է Չեխիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ադամ Չյորգյոն, փոխանցում է Novinky պարբերականը։
«Սլովակյան կողմը ստանդարտ հարցում է ներկայացրել թռիչքի թույլտվություն ստանալու համար, և այն տրվել է առանց ուշացման»,- ասել է նա:
Մայիսի 9-ին Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին Ֆիցոն հայտարարել էր ապրիլի սկզբին: Էստոնիան, Լատվիան և Լիտվան, ինչպես նախորդ տարի, հրաժարվել են թույլատրել Ֆիցոյի ինքնաթիռին անցնել իրենց օդային տարածքով։
2025 թվականին Ֆիցոն Մոսկվա է թռել Հունգարիան, Ռումինիան, Սև ծովը և Վրաստանը ներառող երթուղով։
Ապրիլին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ մի շարք օտարերկրյա առաջնորդներ մտադիր են այցելել Մոսկվա՝ Հաղթանակի օրվա տոնակատարություններին մասնակցելու: Կրեմլը խոստացել է նրանց անունները հայտնել ավելի ուշ։