ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աղվերանում այսօր հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակից դպրոցականների և ֆիզկուլտուրայի ուսուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, հայտնում են նախարարությունից։
Խարույկի շուրջ հանդիպման ընթացքում նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ ակտիվության և ներգրավվածության համար՝ մաղթելով նրանց մարտական ոգի և հաջող մրցելույթներ եզրափակչում: Նա վստահություն է հայտնել, որ, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցաշարի հաղթողները հայտնի կդառնան ազնիվ և արդար պայքարում։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է նաև, թե արդյոք դպրոցականների համար սա առաջի՞ն մասնակցությունն է մրցաշարին և թե ինչպե՞ս է անցել նրանց ճանապարհը դեպի եզրափակիչ փուլ։ Նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ փորձառու թիմերի կողքին եզրափակիչ փուլում հանդես կգան նաև նոր թիմեր:
Մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նմանօրինակ միջոցառումների կազմակերպման համար և կիսվել մրցումների անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով։ Նշվել է, որ դպրոցականների շրջանում մեծ հետաքրքրություն կա սեղանի թենիսի մասսայականացմանն ուղղված այս նախաձեռնության նկատմամբ։
Հանդիպման ընթացքում տարբեր մարզերի ներկայացուցիչները հանդես են եկել նաև մշակութային կատարումներով:
2026 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցել է 607 դպրոցի 3276 աշակերտ:
Եզրափակիչ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը, ֆիզկուլտուրայի ուսուցիչները և մասնակիցները կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի
եզրափակիչ փուլը կանցկացվի մայիսի 3-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Եզրափակիչ փուլին կմասնակցեն մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղեր գրաված թիմերը: