Չինաստանի իշխանությունները կարգադրություն են հրապարակել, որն արգելում է պահպանել ու ճանաչել ամերիկյան պատժամիջոցներն Իրանի հետ նավթի առևտուր անող հինգ չինական նավթաքիմիական ընկերության նկատմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանի կառավարությունը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն ՄԱԿ-ի մանդատ և հիմնված չեն միջազգային իրավունքի վրա։ Հետևաբար առևտրի նախարարությունը հրաման է արձակել, որով կարգադրում է չճանաչել, չկատարել ու չպահպանել նշված չինական հինգ ձեռնարկության դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցները»,- ընդգծել է նախարարությունը։
ԱՄՆ-ի գործողությունները խանգարում են առողջ առևտրային գործունեությանն ու խախտում են միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերը, իսկ Պեկինի որոշումը հիմնված է օտարերկրյա օրենքների չհիմնավորված արտատարածքային կիրառման դեմ պայքարի վրա՝ նշել է գերատեսչությունը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող է սկսել ստուգել Իրանից Չինաստան նավթ տեղափոխող նավերը: