Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն այսօր հաջողությամբ ավարտել է իր աշխատանքը Երևանում՝ մեկտեղելով առաջնորդների տարբեր աշխարհամասերից: Այդ մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Միհել Մարտինի հետ հայտարարությունների ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ-ին սերտ համագործակցության, գործընկերային հարաբերությունների համար, ինչպես նաև Թուրքիայի փոխնախագահի և Ադրբեջանի նախագահի հեռավար մասնակցության համար:
«Այսօրվա քննարկումները հաստատել են, որ աշխարհում աճող մարտահրավերներին զուգահեռ կարիք կա անկեղծ երկխոսության և պրակտիկ որոշումների՝ ընդլայնելու խաղաղությունը և կայունությունը տարբեր տարածաշրջաններում:
Մենք շեշտադրել ենք անվտանգությունը, կայունությունը, փոխկապակցվածությունը, տարածաշրջանային համագործակցությունը, տնտեսական դիմակայունությունը, էներգետիկան և կանաչ անցումը»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը ինչպես նաև բաց, ինտեգրված և փոխկապակցված տարածաշրջանների կարողությունը՝ նպաստելու միջաշխարհամասային կապերի ձևավորմանը:
«Այս համատեքստում մենք անդրադարձ ենք կատարել նաև խաղաղության և կայունության ընդլայնմանը Հարավային Կովկասում:
Հարատև խաղաղությունը, հարաբերությունների նորմալացումը և սահմանների բացումը ոչ միայն օգուտ կբերեն տարածաշրջանին, այլև կամրապնդեն կապերը և համագործակցությունն ավելի լայն եվրոպական տարածքում և դրանից անդին»,- ասաց նա:
Գագաթնաժողովի շրջանակում քննարկվել է նաև այն, թե ինչպես պետք է ժողովրդավարությունը պայքարի հիբրիդային սպառնալիքների դեմ: Այս տեսանկյունից, ըստ Փաշինյանի, Հայաստանը շարունակում է խթանել նախաձեռնողականորեն ընդլայնված փոխկապակցվածության հարթակների ստեղծումն ավելի լայն տարածաշրջանում:
«ԵՔՀ-ն ոչ միայն երկխոսության հարթակ է, այլև հարթակ՝ վստահության ամրապնդմանը, այն առավել լավ համակարգված ու առաջահայաց օրակարգերի իրականացման հնարավորություն է»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քննարկումները կընդլայնվեն գագաթնաժողովից անդին: