ԼԼուսինե Մուրադյան

Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան

Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը միախառնելու է խնդիրները, որոնք Հայաստանի համար ազգային կարևորություն ունեն, և այն թեմաները, որոնք ընդհանուր ԵՄ մասշտաբով այս պահին բավականին հետաքրքիր են քննարկումների համար: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով, թե ինչ թեմաների շուրջ են ծավալվելու քննարկումները ՀՀ-ում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում:

«Հիմնական քննարկումների ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,- ասաց նախարարի տեղակալը:

Հարցին՝ գագաթնաժողովը ինչքանո՞վ է Հայաստանը մոտեցնում ԵՄ-ին, արտգործնախարարը պատասխանեց. «Սա եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող հիմնական միջոցառումներից մեկն է, որը տարին երկու անգամ է տեղի ունենում, և այսօր, կարելի է ասել, որ Հայաստանը Եվրոպայի սիրտն է, և հիմնական քաղաքական դեբատը, որը Եվրոպայում տեղի է ունենում, ընդհանուր առմամբ այսօր կենտրոնացած է լինելու Հայաստանում: Շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն գագաթնաժողովից, նախարարի տեղակալը պատասխանեց. «Մեզ համար շատ կարևոր է մեր միջազգային ներգրավվածության և Հայաստանի իմիջի մեծացումը: Այսօրինակ միջոցառումները դրա լավագույն հիմքն են ստեղծում»:

Վահան Կոստանյանը նաև հիշեցրեց՝ այս տարի, բացի ԵՔՀ-ից, Հայաստանում անցկացվելու է նաև COP17-ը, և շատ այլ կարևոր միջոցառումներ էլ կան, օրինակ՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողով, Ֆրանսիայի նախագահի պետական այց, դրան հետևելու է ամենամյա դարձած Երևանյան երկխոսությունը:

«Մենք փորձում եք մեծացնել հորիզոնը, որտեղ Հայաստանը ասելիք ունի ընդհանրապես միջազգային հարթակներում, բարձրացնել նաև Հայաստանի տեսանելիությունը նույնօրինակ միջազգային մամուլում, և այսօր տեսնում ենք, որ դա իրականություն է դառնում»,- ասաց նա:

Հարցին՝ գագաթնաժողովի ավարտին նախատեսվո՞ւմ է համատեղ հայտարարության ընդունում, և ի՞նչ է այն ենթադրելու, ԱԳ նախարարի տեղակալը պարզաբանեց՝ ԵՔՀ ձևաչափն ինքնին չի նախատեսում ընդհանուր համատեղ հայտարարությունների ընդունում, և սա ավելի շատ հարթակ է մտքերի փոխանակության համար:

«Շատ հաճախ, երբ տարբեր պատվիրակություններ կենտրոնանում են տեքստերի համաձայնության վրա, ժամանակ չի մնում բաց և անկեղծ երկխոսություն ծավալելու և քննարկումներ ունենալու, իսկ այս ձևաչափում առավելապես կենտրոնացած ենք հենց այդ երկխոսության և քննարկումների վրա»,-ասաց նա:

Նշենք, որ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցում են 43 բարձրաստիճան պատվիրակություններ՝ շուրջ 500 մասնակից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում