Չնայած Թուրքիայի դեմ Եվրամիության ղեկավարները պատժամիջոցներ են սահմանել, Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ դա համարել են Անկարայի ագրեսիվ պահվածքը զսպելու համար անբավարար քայլ: Նրանցից առավել արմատական մոտեցում ունեցողները Միության քայլերն ու որոշումները նույնիսկ համարել են անատամ:
Եվրամիության առաջնորդների երկօրյա գագաթնաժողովում Թուրքիայի նկատմամբ Արևելյան Միջերկրականում գործունեությունն ընդլայնելու հետ կապված որոշվեց առկա պատժամիջոցներին ավելացնել հորատման աշխատանքների համար պատասխանատու անհատների և ընկերությունների անվանացանկը։ Հունաստանը ու Կիպրոսը ավելի խիստ՝ Թուրքիայի տնտեսությունն ու զենքի վաճառքի էմբարգո պարունակող պատժամիջոցներ էին պահանջում։ Որոշման հրապարակված տեքստից պարզ է դառնում, որ նման որոշում չկայացնելու հիմնական արգելակը Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներն են։
Եվրամիության 27 անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում անցկացվող ԵՄ գագաթնաժողովը սկսեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով Վալերի Գիսկարդ դ'Էստանի հիշատակին։ Հիմնական օրակարգն ընդգրկում էր բյուջեի, կլիմայի, Բրեքզիթի, Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հետախուզական գործունեության, Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ քննարկումները։ Գագաթնաժողովի առաջին օրն ընդունված որոշման համաձայն՝ անցյալ տարի Թուրքիայի հանդեպ ընդունված «նպատակային պատժամիջոցների» ցուցակին ավելացվեցին այն անձինք, հիմնարկները և ընկերությունները, որոնք համարվել են հորատման աշխատանքների համար պատասխանատու։ Եվրոպացի դիվանագետների կարծիքով, եթե Անկարան չնահանջի, պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ էլ ավելի կավելանան:
Կոստաս Մավրիդես (ԵԽ պատգամավոր, Միջերկրականի հարցերով քաղաքական կոմիտեի նախագահ) - Թուրքիան ոչ միայն Միջերկրականում, այլև Լիբիայում, Սիրիայում և վերջերս էլ Լեռնային Ղարաբաղում միջամտեց։ Հիմա առավել, քան երբևէ պատժամիջոցներ կիրառելու ժամանակն է, և ԵՄ-ն ունի բոլոր լծակները թե՛ տնտեսական և թե՛ զենքի էմբարգո կիրառելու համար։ Բայց, դժբախտաբար, գագաթնաժողովի արդյունքը ցույց տվեց, որ նույն այդ ԵՄ-ն, որ բացարձակ արժեքների կրող և պաշտպան է, երբ խոսքը վերաբերում է առևտրին, կարող է հանգիստ աչք փակել։ Գերմանիան, Իսպանիան և Իտալիան խոստովանում են, որ Թուրքիան միջազգային իրավունքն է խախտում, բայց միայն այդքանը։ Բոլորն ասում են՝ բավական է, բայց ես կասեի` բավական է ասելը բավարար չէ, պետք է գործել։ Որքան ժամանակն անցնում է, և Թուրքիայի դեմ խիստ պատժամիջոցներ չեն կիրառվում, այնքան մարդկությունը թե´ Թուրքիայում, թե´ այլուր ծանր գին է վճարում Թուրքիայի իսլամիստ ռեժիմի վարած քաղաքականության արդյունքում։
Գագաթնաժողովի արդյունքների հայտարարության մեջ նշվում է, որ «Թուրքիայի շարունակական միակողմանի քայլերն ու սադրանքը խստացնում են ԵՄ-ի դեմ հռետորաբանությունը», և լարվածությունը նվազեցնելու համար ԵՄ-ն շարունակում է ընդգծել Թուրքիայի և Հունաստանի միջև հետաքննողական բանակցությունները վերսկսելու կարևորությունը։ ԵՄ-ն կարևորում է դրական օրակարգն ու Թուրքիայի հետ հարաբերությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Մինչդեռ եվրախորհրդարանականները բոլորովին այլ կարծիք ունեն։
Շարլի Վեյմերս (եվրապատգամավոր, Շվեդիա) - Այս գագաթնաժողովն ու Թուրքիայի վերաբերյալ որոշումն անատամ են: Բավականին մեծ ակնկալիքներ ունեի, բայց ԵՄ-ն հերթական անգամ ձախողեց հստակ ազդանշան ուղարկել նախագահ Էրդողանին: Այս խորհրդարանը շատ, այսպես ասած, բարկացած նամակներ է ուղարկել, այսօրվա հայտարարությունն էլ մի այդպիսի հերթական նամակ էր Անկարային, որովհետև սահմանափակ անհատական պատժամիջոցները երբևէ չեն փոխի Թուրքիայի վարքը: Մենք բոլորս տեղյակ ենք Թուրքիայի ագրեսիվ վարքից Միջերկրականում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, մինչդեռ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հանձնարարել են հնարավոր հարցերը քննարկել 2021-ի մարտին: Դա բավարար չէ: ԵՄ-ն պետք է ավելի խիստ միջոցների դիմի: Լուծումը մեկն է: Թուրքիայի առաջ պետք է պատ կանգնեցնել՝ ծովում և ցամաքում: Մեր սահմաններն անվտանգ պահելուն միայն քաղաքական կամքն է պակասում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դեռ գագաթնաժողովից առաջ, ցանկանալով մեղմել Թուրքիայի հետ կապված մթնոլորտը, իր ելույթում հիշեցրեց Թուրքիայում գտնվող 4 միլիոն ներգաղթյալի մասին։ Ստոլտենբերգը նաև նշեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկիրն է, որն ամենից շատ օտարերկրացիների է ընդունում իր հարկի տակ: ԵՄ քաղաքական առաջնորդները նաև ցանկացան մինչև 2021 թ. սպասվող գագաթնաժողովը տեսնել մի զեկույց, որը կմանրամասնի ԵՄ- Թուրքիա տնտեսական և առևտրային հարաբերությունների կարգավիճակը, ինչպես նաև ճանապարհային քարտեզի տարբերակները։