ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց, իր ձևակերպմամբ՝ «կանխիկով և անկանխիկ» հայրենասերների մասին։
«Կանխիկով հայրենասերը կանխիկ գումարի դիմաց այն ծառայություն մատուցողն է, ով նախկինում՝ տարիներ շարունակ, դրսևորել է իր լոյալությունը երկրում տիրող ապօրինություններին, անարդարության և մյուս բոլոր արատավոր երևույթներին։ Իսկ հիմա, հայրենասիրական մունդիր հագին՝ կեղծ տեղեկություններ է տարածում ՀՀ իշխանությունների մասին, մեղադրում չգործած արարքների մեջ կամ ուղղակի վատաբանում։ Իսկ անկանխիկ հայրենասերը, որը ֆինանսավորում է վերոգրյալ խավին, անմիջական կապ է ունեցել ապօրինությունների, անարդարության ձևավորման հետ և այսօր իր կուտակած հարստությունը պահելու համար մի մունդիր էլ ինքն է հագել և նետվել «առաջնագիծ»։ Այս երկու կատեգորիայի մարդիկ ունեն մեկ ընդհանրություն․ գումարի դիմաց կանգ չառնել պետությանը, հայրենիքին վնասելու մտադրությունից, քանի որ իրենք ոչ մի կապ չունեն թե՛ հայրենասիրության, թե՛ պետական մտածողության հետ։ Եվ որքան շուտ պատասխանատվության ենթարկվեն անկանխիկները, այդքան շուտ ասպարեզից կանհետանան կանխիկովները, և դաշտում կմնան հայրենիքին ու պետությանը իրապես նվիրված անձինք»,- նշեց Փամբուխչյանը։