ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, հայտարարությունների ժամին անդրադառնալով համավարակի գործոնով պայմանավորված՝ տարբեր պետություններում ներքին վայրիվերումներին, նշեց՝ կրկին օրակարգ են բերվել ուժեղ պետության մասին մտորումները, հասարակությունների կյանքում պետության դերի, դրա գործունեության արդյունավետության հարցերը։
«Հաճախ հասարակության տարբեր հատվածները ուժեղ պետության իրենց պատկերացրած ընկալումն են առաջադրում, որը դժվար է ասել՝ որքանով է երկարաժամկետ և որքանով է արտացոլում ժողովրդավարական համակարգի ողջ փիլիսոփայությունը։ Հստակեցնեմ․ ժողովրդավարությունը օրենքի և իրավունքի գերակայություն է, ուժեղ մարդու, անհատի, ժողովրդի կուռ ներդաշնակություն է։ Ժողովրդավարությունը երբեք չի կարող լինել ամենաթողություն, այն բացարձակ կարգապահություն է։ Պետության կողմից տարբեր հարցերի լուծման օբյեկտիվ երկարաձգումը կարող է հարցականի տակ դնել ժողովրդավարության և համապատասխան արժեհամակարգի հարցը։ Հարկ է արձանագրել, որ ուժեղ պետություն եզրույթը չի ենթադրում ներքին ճնշման անսահմանափակ լծակներ ունեցող պետություն։ Պետություն, որն ամբողջությամբ դոմինանտ է սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում և, ըստ էության, գերիշխում է մարդկանց հոգևոր կյանքը, տնտեսությունը, երկրի քաղաքակրթական կոդը։ Այլ այն պետությունը, որի հիմքում դրված է սոցիալական ինստիտուտների կազմակերպումն ու զարգացումը՝ հիմք դնելով քաղաքացիական հասարակության ձևավորման համար։ Որքան ուժեղ է պետությունը, այդչափ ուժեղ են նրա կրթական համակարգը, բժշկությունը և այլն»,- նշեց պատգամավորը։
Գևորգյանը, ընդհանրացնելով ուժեղ պետության ընկալումը, նշեց, որ ժողովրդավարությունը գերադասելի է մնացած բոլոր կառավարման մոդելներից, օրենքը պետք է լինի բացարձակ գերակայություն, ոստիկանական և ուժային կառույցները պետք է ամբողջությամբ պահպանեն հասարակական կարգը և քաղաքացու անվտանգությունը, դատաիրավական համակարգը պետք է շուտափույթ բարեփոխման ենթարկել, պետք է զարգացնել և կայացնել սոցիալական ինստիտուտները և ամրապնդել քաղաքացիական համերաշխությունն ու բռնության իսպառ վերացումը։