Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ հայտարարությունների ժամին կարծիք հայտնեց, որ վերջին օրերին տեղի ունեցող երևույթները փաստում են՝ Հայաստանում օլիգարխիան ջախջախված չէ, այլ շարունակում է պահպանել ազդեցությունը դատական իշխանության, նաև մամուլի վրա։
«Հայաստանի պետականության դեմ պատերազմ է հայտարարված։ Եվ այդ պատերազմում օգտագործվում են բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցները։ Նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Այս պատերազմն ուղեկցվում է ներքին ու արտաքին աղբյուրներից սնվող մի քանի հարձակումներով։
Ճիշտ նման գործելաոճ՝ ժողովրդին հայտարարված պատերազմ տեսել ենք մեր նորագույն պատմության տարբեր փուլերում․ տեսել ենք 1999 թ. հոկտեմբերի 27-ից առաջ ու հետո, տեսել ենք 2008-ի մարտի մեկից առաջ ու հետո, տեսնում ենք նաև այսօր։ Միակ տարբերությունն այն է, որ պետության ու ժողովրդի դեմ պատերազմողներն այն ժամանակ ունեին իշխանություն և դա անում էին իշխանական ու պետական աշխատասենյակներից, իսկ այսօր հանդես են գալիս արդեն ոչ իշխանական, պսևդոընդդիմության դիրքերից։ Բայց նրանց էությունն ու գործելաոճը չեն փոխվել։
Նրանց թիրախը ՀՀ-ն է ու ՀՀ քաղաքացին։ Հայաստանի պետականությանը, ժողովրդավարությանն ու մեր երկրի ապագային հայտարարված պատերազմում պետք է պայքարել բոլոր ճակատներով և օրինական բոլոր միջոցներով։ Իմ խորին համոզմամբ՝ այդ պայքարը պետք է սկսել առաջնագծում դարանակալած թշնամու ոչնչացումից։
Մեր երկրի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալին Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարման մեջ է։ Օբյեկտիվ պատճառներով դա չստացվեց հանրաքվեի միջոցով, ուստի ճգնաժամը պետք է հաղթահարել այստեղ՝ այս դահլիճում, և ամենակարևորը՝ միասնականությամբ և համախոհությամբ։ Ո՞վ պետք է պահպանի մեր երկրի ժողովրդավարությունը, եթե ոչ այս Ազգային ժողովը։ Ո՞վ, եթե ոչ այս Ազգային ժողովը պետք է արձագանքի մեր երկրում տեղի ունեցող հակապետական և դավաճանական խմորումներին և գործընթացներին։ Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը խնդիրը անհապաղ դարձնել քննարկման առարկա և շուտափույթ ձեռնամուխ լինել դրա լուծմանը։ Մեր պատասխանը ստեղծված իրավիճակին պետք է լինի մեր ջանքի ու եռանդի եռապատկումը, մեր ուժերի մեկտեղումը հանուն Հայաստանի Հանրապետության և ի շահ Հայաստանի քաղաքացու»,- նշեց Արման Բաբաջանյանը։