Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնը տեղափոխվում է դեպի արևելք` հյուսիսային լայնության 39-րդ զուգահեռականի երկայնքով՝ անցնելով չորս անդամ պետության՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջով: Այդ մասին Մոնակոյում ԵԽ նախարարների կոմիտեի նիստի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն:
«Այդ պետությունները գտնվում են Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում պատերազմների և Կենտրոնական Ասիայի քաղաքական ու տնտեսական փոփոխությունների խաչմերուկում, որոնց մասշտաբները Եվրոպան դեռևս չի ընկալել: Վաշինգտոնի հռչակագրից մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը իրական հնարավորություն ունեն առաջընթացը վերածելու կայուն խաղաղության, իսկ Հայաստանն ու Թուրքիան քայլեր են ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Բերսեն։
Առանձին անդրադառնալով Թուրքիային՝ նա ընդգծել է, որ բնակչության թվով այն ՆԱՏՕ-ի ամենամեծ եվրոպական անդամն է և դաշինքի մեծությամբ երկրորդ ռազմական ուժը, ուստի առանց Անկարայի՝ մայրցամաքում անվտանգության վերաբերյալ ոչ մի լուրջ խոսակցություն տեղի ունենալ չի կարող:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դավիէ Մուրադյան