Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը
«Ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում և հանդիպել իմ հարգելի գործընկերոջը՝ նախագահ Պետր Պավելին։
Ցանկանում եմ նախ և առաջ շնորհակալություն հայտնել, պարոն Պավել, հրավերի, ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Այս այցը պատեհ հնարավորություն է՝ ընդգծելու մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և դրանք նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար։ Ավելի քան երեք տասնամյակ միջպետական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Պետք է ընդգծեմ, որ Հայաստանի և Չեխիայի հարաբերությունների զարգացման կարևոր հենասյուներից մեկը ընդհանուր հավատարմությունն է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։
Այսօր Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ փոխշահավետ համագործակցությունն ունի զարգացման զգալի ներուժ։ Հանդիպման ընթացքում անդրադարձանք երկկողմ հարաբերությունների լայն օրակարգին՝ քաղաքական երկխոսությունից և տնտեսական համագործակցությունից մինչև բարձր տեխնոլոգիաներ, կրթություն, գիտություն, մշակույթ, զբոսաշրջություն, միջմարդկային կապերի ակտիվացում։
Եվրոպական ուղղությունը մեր քննարկումների առանցքային բաղադրիչներից էր։ Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր է, և մենք բարձր ենք գնահատում նրա աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու երկու երկրի ժողովրդավարական ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ հարաբերությունների առավել խորացմամբ և պատրաստ է շարունակելու այդ ուղղությամբ հետևողական աշխատանքը։ Չեխիայի փորձն ու աջակցությունը մեզ համար էական նշանակություն ունեն։
Առանձնահատուկ կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև երկխոսությունը։ Ակնկալում ենք, որ գործընթացը կշարունակվի արդյունավետ և կառուցողական կերպով՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների շարժունակության ընդլայնմանը և երկու հասարակությունների միջև կապերի ամրապնդմանը։
Հաշվի առնելով հայկական արտադրատեսակների արտահանման խոչընդոտները նախկին ավանդական շուկաներ՝ խնդրել եմ գործընկերոջս աջակցությունը դեպի Չեխիա հայկական արտադրանքի խթանման կապակցությամբ։ Արդեն երեկ Եվրոպական միության խորհուրդը հավանություն տվեց հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը, շնորհակալ ենք այդ որոշման համար, հույս ունենք, որ համապատասխան վերջնական որոշումը նաև Եվրոպական խորհրդարանը կընդունի և կհաստատի, և դրանով մենք հնարավորություն կստանանք ԵՄ շուկայում առաջիկա երկու տարվա ընթացքում ավելի հեշտացված կարգով ներկայանալ և դրանք չեն խանգարի Եվրոպական շուկայի ընդունված կանոններին, դրանք ավելի կհարստացնեն և ԵՄ գործընկերներին, տարբեր երկրների քաղաքացիներին ավելի մոտիկից կծանոթացնեն մեզ, մեր արտադրանքին: Հույս ունենք, որ կհավանեք այն, ինչը մենք արտահանում ենք, դրանք կդառնան ձեր առօրյա կյանքի, կենցաղի մի մասը և դրանով նաև մենք հնարավորություն կունենանք զարգացնել մեր տնտեսությունը, ինչպես նաև դուրս գալ այն իրավիճակից, որում մեզ փորձում են սահմանափակել:
Այսօրվա քննարկումների կարևոր ուղղություններից էր նաև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնումը։ Այս առումով կարևոր է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողով գործունեությունը: Մեր նպատակը ոչ միայն առևտրի ծավալների մեծացումն է, այլև համագործակցության որակական ընդլայնումը՝ համատեղ արտադրության, ներդրումային ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր նախաձեռնությունների միջոցով։ Ցանկանում ենք ընդլայնել փոխադարձ առևտուրը և խթանել չեխական ներդրումները Հայաստանում և այսօր անդրադարձ կատարեցինք էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարներին՝ երկուստեք կարևորելով գործարար համայնքների միջև կանոնավոր շփումները:
Անդրադարձանք խորհրդարանական դիվանագիտության դերին։ Վերջին տարիներին խորհրդարանական մակարդակով շփումները կարևոր ներդրում են ունեցել երկու երկրների միջև փոխըմբռնման խորացման գործում։ Միջմարդկային հարաբերությունների ամրապնդումը կարևորագույն ուղղություն է։ Հայաստանը և Չեխիան կրթության, մշակույթի, գիտության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության ամուր իրավական հիմք ունեն։ Մենք ցանկանում ենք առավել ակտիվացնել ուսանողական և ակադեմիական փոխանակումները, գիտահետազոտական համատեղ ծրագրերը, մշակութային միջոցառումներն ու երիտասարդական շփումները։
Հատուկ նշանակություն ենք տալիս Չեխիայի հայկական համայնքին։ Այն երկու ժողովուրդների միջև բնական կամուրջ է և կարևոր դեր է կատարում հայ-չեխական բարեկամության խորացման գործում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Մենք առանձնահատուկ երկար քննարկումներ ունեցանք այս հարցով, և՛ առանձին մեր հանդիպման ժամանակ, և՛ ընդլայնված հանդիպման ժամանակ, որովհետև, իրականում, այսօր աշխարհում բոլորին հետաքրքրող և անհանգստացնող հարցերից են միջազգային ու տարածաշրջանային անվտանգությունը: Եվ, ինչպես պարոն Պավելը նշեց, մենք կարողացանք 2022 թվականի հոկտեմբերի 5-ի Պրահայի հայտնի հանդիպումից հետո, Ադրբեջանի հետ անմիջական, երկկողմ բանակցությունների արդյունքում համաձայնագիր ստորագրել Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին, որը պատմական նշանակություն ունեցավ: Հավատացող մարդիկ, որ դա հնարավոր է, քիչ էին, բայց դա իրականություն դարձավ և մենք արդեն 2 տարի ապրում ենք խաղաղության պայմաններում: Մենք սովոր չէինք այդ պայմաններում ապրել մեր հարևանների հետ, բայց մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և մենք փայփայում ենք, որպեսզի այդ խաղաղությունը շարունակական լինի և լինելու է շարունակական: Մենք ակնկալում ենք մոտ ժամանակներս, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և՛ սահմանները բացել, խոսքը վերաբերում է նաև Թուրքիային, որի հետ 30 տարվա ընթացքում ունեցել ենք փակ սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Այս ամենը նպաստելու է տարածաշրջանում ընդհանուր խաղաղության հաստատմանը և լարվածության ուղղակի վերացմանը:
Արդյունքում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, տնտեսական կապերի զարգացումը, մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնումը կարող են Հարավային Կովկասը դարձնել համագործակցության և փոխկապակցվածության տարածաշրջան։
Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ հաստատեց, որ մեր հարաբերություններն ունեն քաղաքական ամուր հիմք և հետագա զարգացման զգալի ներուժ։ Լիահույս եմ՝ այս հանդիպումը իր նպաստը կբերի Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն նախագահ՝ բովանդակալից, կառուցողական և բարեկամական քննարկման համար»: