Ես սրտի օլիգարխ չունեմ, և եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որն ինձ կամ իմ ընտանիքին նյարդայնացնում է արդեն տանելիության բոլոր սահմաններից դուրս, դա Նարեկ Նալբանդյանն է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե «Արարատցեմենտն» անցել է Փաշինյանի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանին:
Փաշինյանը նախ հերքեց լուրը՝ նկատելով, որ ընկերությունը շարունակում է մնալ ՀՀ կառավարման ներքո, և որ «Արարատցեմենտի» հետ կապված որևէ պրոցես տեղի չի ունեցել:
Վերադառնալով Նարեկ Նալբանդյանի թեմային՝ Փաշինյանը տեղեկացրեց. «Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն: Եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի դաժան, ավելի դաժան, քան սովորական ձևերով»:
Ըստ Փաշինյանի՝ իր համար զարմանալի է այն, որ ամեն անգամ, երբ նման հրապարակում է լինում, դա չի հերքվում Նարեկ Նալբանդյանի կողմից:
«Սա մեզ նյարդայնացնում է ահավոր ձևով: Եթե այդ հիմնավորումներն արդեն բավարար լինեն, որ փորձ է անում տպավորություն ստեղծել, հավաստիացնում եմ՝ Նարեկ Նալբանդյանը կարժանանա ավելի դաժան ճակատագրի, քան արժանացել են մյուս օլիգարխները»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չէ:
«Ես զգուշացնում եմ բոլոր գործարարներին. ով կփորձի, աչքով տալով, լռությամբ, ստեղծել տպավորություն, թե մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, դաժան, շատ դաժան, անհամաչափ արձագանք է լինելու մեր կողմից,- ասաց Փաշինյանը, ապա հավելեց.- Մեր ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ընդհանրապես չկա, մենք գործարար հետաքրքրություն ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս չունենք»: