Եվրոպական հանձնաժողովը մշակում է Կայա Կալասի գլխավորած ԵՄ արտաքին ծառայությունը կրճատելու և դրա որոշ գործառույթներ ԵՄ գործադիր մարմիններին փոխանցելու ծրագրեր: Financial Times (FT)-ի տվյալներով՝ այս պահանջը ներկայացրել են Ֆրանսիան և Գերմանիան, որոնք ձգտում են մինչև տարեվերջ հասնել Բրյուսելի արտաքին քաղաքականության մեխանիզմի բարեփոխմանը:
FT-ի տվյալներով՝ նախաձեռնությունը, որը կքննարկվի հաջորդ ամիս ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում, ենթադրում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մի շարք լիազորությունների ինտեգրում Եվրահանձնաժողովի պրոֆիլային գերատեսչություններում, որոնք զբաղվում են առևտրով, թվային կարգավորմամբ ու տեխնոլոգիաներով: Ըստ բարեփոխման կողմնակիցների՝ դա թույլ կտա կրճատել գործառույթների կրկնօրինակումն ու նվազեցնել արտաքին քաղաքական գործունեության ծախսերը: Ի դեպ, անդամ պետությունները կրճատումներ են պահանջում հաջորդ ընդհանուր բյուջեում:
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը, ինչպես սպասվում է, կմնա հանձնաժողովից դուրս և կհսկի այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ԵՄ խաղաղապահ առաքելությունները և ռազմական վարժանքները։
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ապագայի վերաբերյալ վերջնական որոշումներ կարող են ընդունվել միայն անդամ պետությունների հաստատմամբ: Եվրահանձնաժողովը հաստատել է, որ բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ են ընթանում՝ ընդգծելով ժամանակակից մարտահրավերներին կառույցների ադապտացման անհրաժեշտությունը: