ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն իրենց աջակցությունն են հայտնել Գերմանիային, որը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր միջոցառումների մասին՝ Լայպցիգի օդանավակայանում ահաբեկչական հարձակման փորձի հետ կապված:
Էստոնիայի կառավարությունը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի անհաջող հարձակումը ցույց է տալիս այն սպառնալիքը, որը Ռուսաստանը ներկայացնում է ամբողջ Եվրոպայի համար: Լատվիայի, Լիտվայի, ինչպես նաև Ուկրաինայի իշխանությունները նույնպես համերաշխություն են հայտնել Գերմանիային:
«Հիբրիդային հարձակումներն անպատասխան չեն մնա: Մենք միասնական ենք ու վճռական ռուսական ագրեսիային հակազդելու հարցում: Մենք կպատասխանենք յուրաքանչյուրին, ով կփորձի խաթարել մեր ազատությունն ու անվտանգությունը: Ռուսաստանը ձգտում է անվստահություն ու վախ սերմանել մեր հասարակություններում: Բայց դա չի հաջողվի: Եվ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում:
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ հարցը կքննարկի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Նախատեսվում են նաև ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններ, որոնց ժամանակ, մասնավորապես, կքննարկվի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ զրույցից հետո Ռյուտեն նաև արտահայտել է դաշինքի «լիակատար համերաշխությունը» Գերմանիային և ողջունել է Բեռլինի հայտարարած պատասխան միջոցառումները։
Լայպցիգ/Հալլե օդանավակայանում ահաբեկչական հարձակման փորձին արձագանքելու շրջանակներում Գերմանիայի կառավարությունը որոշել է մինչև սեպտեմբերի 18-ը փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը և դադարեցնել Բեռլինում Ռուսական տան գործունեության վերաբերյալ համաձայնագիրը: Բացի այդ, Բեռլինը կխստացնի Ռուսաստանի քաղաքացիների մուտքի վերահսկողությունը և կամրապնդի Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումները։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլը։