Իրանին ԱՄՆ-ի հարվածների վերսկսումից հետո Թեհրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում, Քուվեյթում, Իրաքում և Բահրեյնում գտնվող ամերիկյան թիրախներին։
Իրանական Կարմիր մահիկը հայտնել է, որ ԱՄՆ հրթիռը հարվածել է Սիրիկ քաղաքում գտնվող տանը, որտեղ հարսանիք է եղել։ Զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին հաջորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ուժերի վրա «վերջերս կատարված հարձակումների փորձերին»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կզղջա» հարվածների համար: «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ չորեքշաբթի առավոտյան բալիստիկ հրթիռների արկակոծություն է արձանագրվել Հորդանանի Աքաբա քաղաքում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի բազայի ուղղությամբ՝ ի պատասխան Սիրիկում տեղի ունեցած հարձակման:
Հորդանանի զինված ուժերը 13 բալիստիկ հրթիռ են որսացել, որոնցից 10-ը ոչնչացվել են, իսկ 3-ը՝ ընկել հեռավոր շրջաններում: Իրանի հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։ Քուվեյթի բանակը նույնպես հայտնել է իրանական հարձակումները հետ մղելու մասին:
Ըստ իրանական պետական լրատվամիջոցների՝ Իրանի հարձակումներից հետո պայթյուններ են գրանցվել նաև Բահրեյնում: Միաժամանակ, IRNA գործակալության հաղորդմամբ, Իրաքի ինքնավար Քրդստանի տարածաշրջանում Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսը չորեքշաբթի հայտարարել է, որ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածել է ամերիկյան բազաներին՝ ոչնչացնելով տեխնիկական սպասարկման կենտրոն, պահեստներ և սարքավորումներ:
Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արկեր են ընկել Չաբահարի և Քոնարակի տարածքներում, ինչպես նաև Ջիրոֆթի օդանավակայանում, իսկ պայթյուններ են լսվել Ղեշմ կղզում և Բանդար Աբբասում: