ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Աննա Բաբաջանյանին ԿԳՄՍ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Աննա Բաբաջանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, նա համակարգելու է հանրակրթության և մասնագիտության կրթության ու ուսուցման ոլորտները:
Աննա Բաբաջանյանի կենսագրությունը
Աննա Բաբաջանյանը ծնվել է 1993 թ. սեպտեմբերի 15-ին Երևանում։
Սովորել է Երևանի Դ․ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։
Բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում և Միացյալ Թագավորությունում։
2010-2014 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ստանալով բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությամբ։
2014-2016 թթ. ուսումը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և ստացել է մագիստրոսի աստիճան՝ անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մասնագիտությամբ։
2017-2018 թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանում՝ ստանալով կրթության մագիստրոսի (MPhil) աստիճան՝ «Գլոբալիզացիա և միջազգային զարգացում» մասնագիտացմամբ։
Աննա Բաբաջանյանն ունի կրթության կառավարման, ռազմավարական պլանավորման, կրթական քաղաքականության մշակման, հետազոտությունների և դասավանդման ոլորտներում մասնագիտական փորձ։
2015-2017 թթ. աշխատել է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 2016-2017 թթ. միաժամանակ դասավանդել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում ( «Բաց կրթություն» Դիլիջանի մասնաճյուղ)։
2018-2019 թթ. ընդգրկված է եղել հետազոտությունների միջազգայնացման խթանմանն ուղղված C3QA Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբում, եղել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի օգնական, 2019-2020 թթ.՝ Երևանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի անդամ։
2019-2022 թթ. որպես համակարգող փորձագետ՝ ներգրավված է եղել Հանրակրթության պետական նոր չափորոշչի մշակման աշխատանքային խմբում՝ (Համաշխարհային բանկի EU4Innovation ծրագիր)։ 2020 թ. աշխատել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST)՝ որպես ռազմավարական վերլուծաբան։
2021-2022 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բաց կրթություն» բաժնում համակարգել է HSBC Հայաստանի Quality Professionals for Quality Jobs ծրագիրը։
2022 թ. որպես ազգային խորհրդատու (Junior Consultant/Local Expert) ՄԱԿ-ի Հայաստանում համակարգողի գրասենյակի շրջանակում ներգրավված է եղել «Կրթության վերափոխման գլոբալ գագաթնաժողովի» (TES) աշխատանքներում։
2022-2026 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի Ռազմավարական պլանավորման կենտրոնը։ 2023-2026 թթ. միաժամանակ եղել է KPI4HE Erasmus+ ծրագրի աշխատանքային խմբի անդամ։
Մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Աննա Բաբաջանյանը մասնակցել է մի շարք միջազգային վերապատրաստումների և հետազոտական ծրագրերի։
Տիրապետում է անգլերենին և ռուսերենին:
Ամուսնացած է։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Քրիստինա Թաթարյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստինա Թաթարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Նա համակարգելու է արտաքին կապերի, սփյուռքի, երիտասարդության և ռազմավարական ծրագրերի ոլորտները:
Քրիստինա Թաթարյանի կենսագրությունը
Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին Ուկրաինայում՝ Կիևում։
Սովորել է Կիևի թիվ 51 միջազգային հարաբերությունների լիցեյում։
Բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է Դին Քլոուզ դպրոցում (Dean Close School)։
2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։
2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։ Մագիստրոսական ատենախոսության շրջանակում ուսումնասիրել է Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» ժողովածուի թարգմանության ստեղծագործության և լեզվական շերտերը։ Մագիստրոսական ուսումնառության ընթացքում հայերենից անգլերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքը՝ կատարելով ստեղծագործության դրամատիկական ադապտացիա՝ քննադատական մեկնաբանությամբ։
Քրիստինա Թաթարյանն ունի մասնավոր, միջազգային և հանրային ոլորտներում աշխատանքային փորձ։
Մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին Ernst & Young (EY) ընկերությունում։
2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։
2019-2020 թթ. աշխատել է Synergy International Systems ընկերությունում՝ որպես թարգմանիչ՝ ներգրավվելով պետական կառույցների համար արդարադատության ոլորտի ծրագրային լուծումների մշակման և ներդրման նախագծում։
2021-2024 թթ. եղել է համաշխարհային գրականության թարգմանությամբ զբաղվող միջազգային Asymptote Journal հրատարակության Հայաստանի խմբագիրը։
2022-2026 թթ. որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ» ընկերությունում։
Տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերենին և իսպաներենին։
Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: