ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար, ավիացիայի մարշալ Մանիշ Կումար Գուպտայի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱԱԲՆ-ից:
«Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։
Քննարկման առանցքում են եղել բարձր տեխնոլոգիական արտադրության, արհեստական բանականության և դրա զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մարդկային տաղանդի զարգացման նախաձեռնությունների, պաշտպանական ոլորտի ծրագրերի, ինչպես նաև կիբեռանվտանգությանն առնչվող հարցերը։
Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Հնդկաստանի միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շարունակական զարգացման և նոր ուղղությունների ձևավորման կարևորությունը, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։