Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բաց է, և վերջին ժամերին այնտեղով ռեկորդային քանակությամբ նավթ է անցել: ԱՄՆ նախագահի խոսքով՝ մյուս ամենալուրջ ձեռքբերումն այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Թրամփն անդրադարձել է իրանական ակտիվների ապասառեցմանը, նշել, որ այդ միջոցները կօգտագործվեն ԱՄՆ-ից սնունդ գնելու համար:
«Եթե Թեհրանը չկատարի հուշագրով ստանձնած պարտավորությունները կամ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի, ես կանեմ այն, ինչ պետք է»,- նախազգուշացրել է Սպիտակ տան ղեկավարը:
Իրանի խարհրդարանի խոսնակը հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել արտերկրում գտնվող իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ: Ըստ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ խոսքը 12 միլիարդ դոլարի մասին է:
Նաև հայտնի է, որ Ղալիբաֆը և արտգործնախարար Աբաս Արաղչին մեկնել են Օման՝ հանդիպելու սուլթանի հետ և քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումն ու Հորմուզի նեղուցում գործողությունների համակարգումը։
ԱՄՆ պետքարտուղարն էլ մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ և Բահրեյն։ Մարկո Ռուբիոյի այցելությունների օրակարգում են Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, Հորմուզի նեղուցով ազատ և անվտանգ նավարկությունն ապահովելու ջանքերը և տարածաշրջանային այլ հարցեր:
ԱՄՆ-Իրան դիվանագիտական գործընթացների կարևոր մաս է Լիբանանը: Թեհրանից հայտարարում են, որ Իրանը և ԱՄՆ-ը երաշխավորելու են Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դոնալդ Թրամփը հավատացրել է՝ կկարգավորի բոլոր հարցերը, այդ թվում՝ Իսրայելի վարչապետի հետ կապված:
Զուգահեռ, Իսրայելից պնդում են՝ ոչ մի փոխզիջում չի լինելու: ՑԱՀԱԼ-ը շարունակելու է գործողությունները և դուրս չի գալու Լիբանանի հարավում ստեղծած անվտանգության գոտուց:
Մանրամասները՝ տեսաշարում: