Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։
3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը:
Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի
հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):