Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվում է ի պաշտպանություն Ս.Կ.-ի 2025 թվականի հոկտեմբերի 18-ին կայանալիք հանրահավաքին մեծաքանակ անձանց մասնակցությունն ապահովելու նպատակով մի շարք անձանց նյութապես շահագրգռելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նախաքննության ընթացքում կատարված անհրաժեշտ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի մտերիմ Ն.Թ.-ի կազմակերպմամբ՝ Երևան քաղաքի բնակիչ Բ.Ս.-ն յուրաքանչյուր անձի 10 հզր ՀՀ դրամ վճարելու խոստումով կազմակերպել է 9 անձի մասնակցությունը նշված հանրահավաքին: Այնուհետև, Բ.Ս.-ն իր կողմից հանրահավաքին ուղարկված անձանցից յուրաքանչյուրին վճարել է 10 հզր ՀՀ դրամ:
Բ.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հետախուզվող Ն.Թ.-ի մասով քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: