Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ կատարել է Կիևին էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումը դադարեցնելու խոստումը։ Այդ մասին նա հայտարարել է սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում:
«Ես կատարել եմ այն, ինչի մասին հայտարարել էի շաբաթ օրը, որ եթե նավթի մատակարարումը Սլովակիային չվերսկսվի երկուշաբթի, ապա ես մեր պետական ընկերությանը կխնդրեմ դադարեցնել էլեկտրաէներգիայի արտակարգ մատակարարումն Ուկրաինային»,- ասել է Ֆիցոն։
Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի էլեկտրական ցանցերը կայունացնելու համար անհրաժեշտ այդ արտակարգ մատակարարումները միայն այս տարվա հունվարին երկու անգամ ավելի են եղել, քան ամբողջ 2025 թվականի ընթացքում։
Սլովակիան և Հունգարիան արդեն դադարեցրել են Ուկրաինային դիզելային վառելիքի մատակարարումը՝ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով։ Բրատիսլավան և Բուդապեշտը Կիևին մեղադրել են քաղաքական պատճառներով խողովակաշարի վերանորոգումը դիտավորյալ հետաձգելու համար։
«Դրուժբա»-ով նավթի տարանցումը դադարեցնելու պատճառով Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, ինչպես նաև Կիևի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը։