ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աջակցում է նոր, բարելավված, երկարաժամկետ համաձայնագրին՝ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) երկարաձգման փոխարեն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ ներկայացուցիչներ Գրեգորի Միքսը, Ադամ Սմիթը և Ջիմ Հայմսն էլ կոչ են արել նախագահ Թրամփին անհապաղ սկսել Ռուսաստանի հետ միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը։
Նրանք նշել են, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը «ավելի քան 50 տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցը թողնում է առանց իրավաբանորեն պարտավորեցնող սահմանափակումների»:
Օրենսդիրները պնդել են, որ չնայած պայմանագիրը «կատարյալ» չէր, այն «կրճատել է միջուկային զենքի քանակը» և «օգնել է կանխել վտանգավոր սպառազինությունների մրցավազքը»։
Նրանք կարծում են, որ նոր պայմանագրի բացակայությունը կհանգեցնի «միջուկային խաղի՝ առանց սառը պատերազմի ժամանակների կանոնների»։
Ավելի վաղ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հայտնել էին իրենց պատրաստակամությունը պահպանելու ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ևս վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ կսկսեն նոր համաձայնագրի շուրջ։