2026 թ. փետրվարի 5-ին լրանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։
ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին: 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս հինգ տարով՝ մինչև 2026 թվականը։ Ըստ փաստաթղթի՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող էին ունենալ միջուկային զենք կրելու ունակ 800 միավոր համակարգ, սակայն դրանցից միայն 700-ը կարող էին տեղակայվել և պատրաստ լինել օգտագործման, իսկ միջուկային մարտագլխիկների թիվը սահմանափակվում էր 1550-ով:
«Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետի լրանալուն անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Նրա խոսքով՝ սա ծանր պահ է միջազգային խաղաղության և անվտանգության համար: Գուտերեշը Մոսկվային և Վաշինգտոնին կոչ է արել անհապաղ բանակցել միջուկային զենքի վերահսկման նոր պայմանագրի շուրջ:
2025 թ. հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ին կամավոր հիմունքներով ևս մեկ տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները: Ամերիկյան կողմն առայժմ չի պատասխանել այս առաջարկին: