Եվրոպական միության բարձր ներկայացուցիչն աջակցություն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը, կարծում եմ, որևէ կերպ խնդրահարույց չէ, միայն ողջունել կարող ենք և շնորհակալություն հայտնել: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ հայտարարության մասին ընդդիմության մեկնաբանությունների վերաբերյալ հարցին:
«Այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են, և որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի: Ցավոք սրտի, այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական-հասարակական կյանքի առօրյայի մասը: Ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը»,- նշեց Միրզոյանը:
Խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարության մասին՝ Արարատ Միրզոյանն ասաց հետևյալը. «Ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանել որևէ երկրի ԱԳ նախարարի դիրքորոշումները, քննարկել կարող եմ, մեկնաբանելը չգիտեմ ինչքանով է տեղին, բայց այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը: Նաև ստացվում է որ Թուրքիայի դիրքորոշումը խաղաղության գործընթացը ողջունելն է: Եթե կուզեք՝ նաև խրախուսանք՝ ուղղված կամ կոչ՝ ուղղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել գործընթացի հետագա ինստիտուցիոնալացմանը:
Այստեղ վատ որևէ բան կա՞, կարծում եմ, որ ոչ և երիցս ոչ, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել: Հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների արտաքին քաղաքական ճաշակը, նրանց թաքնված կամ անթաքույց ազդեցության տակ գտնվող մեդիառեսուրսների արտաքին քաղաքական ճաշակը՝ կարելի է բացատրել՝ երբ Եվրոպական միությունը ասում է՝ ողջունում ենք փաստը և կաջակցենք Հայաստանում ժողովրդավարությանը, ասում են՝ ներքին գործերի միջամտության փորձ է, երբ Թուրքիան ասում է՝ ողջունում ենք խաղաղությունը և դրանում վարչապետ Փաշինյանի դերը, ասում են՝ ներքին գործերին միջատության փորձ է, պարզ է, չէ՞, որ այս ուժերը և նրանց տիրապետության տակ գտնվող մեդիառեսուրսներն ընդհանրապես չեն նկատում մյուս կողմից եկող զանազան գնահատականները և ուղերձները:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փոխկապակցվածության մասին, ապա ԱԳ նախարարը նշեց. «Այդ երկու երկրներն էլ են ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում ամեն մեկն իր համար երրորդ երկրի հետ հաջողության չափով, ինչ-որ առումով այս կապը մենք պետք է ճանաչենք, բայց եռակողմ կարգավորում չէ: Ես, օրինակ, կարծում եմ, որ եթե մենք այսօր Ադրբեջանի հետ ունեցանք պայմանավորվածություն, կարող ենք այդ քայլը անել առանց Թուրքիային սպասելու, նույն կերպ՝ Թուրքիայի հետ՝ էլի զուգահեռ, բայց ոչ նույն օրը: Այսինքն, այո՛, ինչ-որ կապ, անշուշտ, կա, բայց դրանք բերել դնել նույն օրը, նույն ժամին՝ մի քիչ չափազանցություն կլինի: Կարող ենք նկատել, որ Ադրբեջանի նախագահի և մյուս գործընկերների դիրքորոշումները, ինչպես և մեր դեպքում խաղաղության գործընթացի մաս են, համահունչ են և տրամաբանական դրսևորում ու շարունակություն»: