Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի՝ նոյեմբերի 28-ի արտահերթ նիստին քննարկվում է ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք Ուկրաինայում Եվրամիությունը ներկայումս իրականացնո՞ւմ է ռազմական առաքելություն, թե՞ ոչ, ինչին Եղոյանը տվեց դրական պատասխան:
Մինասյանը հետաքրքրվեց նաև՝ այս համաձայնագիրը կարո՞ղ է դառնալ հետագայում Հայաստանի համար նման առաքելության առաջադրման իրավական հիմք:
Եղոյանի խոսքով՝ ամեն պետություն ինքն է որոշում, թե իր առաքելությունը ո՛ր պետություն ուղարկի այն մանդատի շրջանակում, որի շրջանակում գործում է այդ առաքելությունը:
«Պարո՛ն Մինասյան, ինձ հետաքրքրում է՝ ինչո՞ւ եք Ուկրաինայի մասին հարցնում, ինչո՞ւ Սոմալիի մասին չեք հարցնում, այնտեղ այնպես չէ, որ շատ հանգիստ է իրավիճակը, կամ, օրինակ՝ Բոսնիայի: Ի՞նչ եք դուք ուզում դրանով ակնարկած լինել՝ որ կարող է սա ստորագրվել է նրա՞ համար, որ Հայաստանը գնա այնտեղ մասնակցի: Ո՛չ, դրա համար չի ստորագրվել: Ստորագրվել է նրա համար, որ Հայաստանը ունենա հնարավորություն՝ մասնակցելու Եվրոպական միության առաքելություններին, արդեն Կառավարությունը կորոշի՝ ըստ իրավիճակի»,- նշեց Եղոյանը:
Նրա խոսքով՝ այս համաձայնագրով Հայաստանի համար սահմանվում է ոչ թե պարտավորություն՝ մասնակցելու առաքելություններին, այլ իրավունք:
«Նույնիսկ ԵՄ անդամ պետությունները չունեն պարտականություն՝ մասնակցելու առաքելություններին: Հիմա, օրինակ՝ Հայաստանում գտնվող այն ներկայացուցիչները, որոնք եկել են ԵՄ դիտորդական առաքելություն, ինքնակամ են եկել: ԵՄ-ն չի կարող որևէ մեկի վրա քվոտա դնել, ստիպել: Ինչ վերաբերում է Ուկրաինային, ասեմ՝ իրենք այնտեղ երկու առաքելություն ունեն՝ մեկը քաղաքացիական, մյուսը՝ ռազմական: Ռազմականն առավելապես ռազմական խորհրդատվության առաքելություն է»,- ընդգծեց Եղոյանը: