«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկների հիման վրա փաթեթը լրամշակվել է: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը 5 առաջարկ է ներկայացրել, որոնցից 3-ը վերաբերում են կիբեռանվտանգությանը, 2-ը՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նաև գործադիրի առաջարկները:
Առաջարկներից մեկը վերաբերել է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրող մարմինների կազմին: Ըստ այդմ՝ նոր ստեղծվող մարմնի հինգ անդամների փոխարեն սահմանվում է 6 անդամ, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցության համար սահմանվում է 1 քվոտա: Նախագահի և երեք թեկնածուների կառաջադրի Կառավարությունը, մեկական անդամի՝ իշխող և ընդդիմադիր խմբակցությունները:
Կառավարության կողմից ներկայացվող թեկնածուները կընտրվեն համապատասխանաբար մեկ, երեք, չորս և հինգ տարի, իսկ ԱԺ խմբակցություններինը՝ երկու տարի ժամկետով: Նպատակն այն է, որ միաժամանակ վեց անդամները չավարտեն իրենց լիազորությունները:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հանձնաժողովի անդամի թեկնածուի համար սահմանվելիք պահանջին: Ըստ այդմ՝ չի կարող հանձնաժողովի անդամ նշանակվել այն անձը, որը վերջին 5 տարիների ընթացքում ունեցել է հանձնաժողովի գործունեության ոլորտներում, գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններում, կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմսեր և այլն):
Վերանայվել է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը: Առաջարկվում է օրենքով ամրագրել պաշտոնների խմբերի և ենթախմբերի քանակը:
Նախատեսվել է, որ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոն կարող է զբաղեցնել ՀՀ այն քաղաքացին, որը տիրապետում է հայերենին, առնվազն ունի միջնակարգ կրթություն, պաշտոնի անձնագրով նախատեսված մասնագիտական գիտելիքներ և պահանջները հիմնավորող փաստաթուղթ: Բարձրագույն կրթության պարտադիր պահանջ սահմանվել է տվյալ մարմնում ծառայության պաշտոնների ամենաբարձր ենթախմբի պաշտոնների համար:
Խմբագրական փոփոխություններ են կատարվել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությանն առնչվող դրույթներում:
Նախագծերի փաթեթը լրացվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացում նախատեսող նախագծով: Նպատակն է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համար սահմանել պարտականություն՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի դիմումի հիման վրա աջակցելու վերջինիս տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում:
Արծվիկ Մինասյանն առաջարկել է տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամների թիվը կա՛մ 5, կա՛մ 7 սահմանել: Առաջարկը գլխադասային հանձնաժողովը քննարկել է աշխատանքային կարգով: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովում քննարկումների արդյունքը: Ըստ այդմ՝ առաջարկվել է պահպանել հանձնաժողովի 5 անդամով կազմը: Հանձնաժողովի նախագահը կազմավորման շրջափուլում կնախագահի 5 տարի, Կառավարության երկու առաջադրումները՝ 4 և 3, իսկ իշխող և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրվող անդամները՝ 2-ական տարով:
Հարակից զեկույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել, խոսել քաղաքացիական ծառայության ինստիտուտի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերի մասին:
Մխիթար Հայրապետյանը նշել է, որ իրենք կողմ են պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկին:
Հանձնաժողովը կողմ է քվեարկել Արծվիկ Մինասյանի առաջարկին, ինչպես նաև օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակին:
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն է առաջարկում գործադիրը: Առաջարկը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է առաջինի ընթերցումից հետո կատարված փոփոխությունն ու որոշ վիճակագրական տվյալներ: Ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտի գործարկման համար Դատական դեպարտամենտից ստացվել են տվյալներ, որ վերջին տարիներին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված կարգով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով առկա է հետևյալ պատկերը: 2021 թվականին ներկայացվել է շուրջ 26, 2022 թվականին՝ 42, 2023 թվականին՝ 11 և 2024 թվականին՝ 28 քաղաքացիական գործ: Դրանց համադրմամբ ընդհանուր առմամբ ներկայացված հայցադիմումների համար գանձվել է համապատասխանաբար 102.000, 335.000, 1.068.500 և 139.000 դրամ պետական տուրք: Այս հիմնավորմամբ նախագիծը խմբագրվել է և եթե նախկինում ոչ նյութական վնասի հատուցման հայցադիմումներով փաստացի անձանց պետական տուրքի հայցադիմումի վճարումը նախատեսված էր արտոնության հետաձգման ձևով, ապա այժմ՝ արտոնություն հենց փաստացի տուրքի ազատման ձևով:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: