«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ից համաձայնություն ստանալուց հետո դատախազը Թևանյանի նկատմամբ հարուցել էր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Բացի դրանից՝ մայիսի 22-ի առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ:
Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն:
Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: