Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում:
Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ քննչական գործողությունների պահին գրասենյակում է նաև Թևանյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ խուզարկություն է իրականացվում ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը: Խուզարկությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնել է քրեական վարույթ: Կոմիտեում ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ Թևանյանը, 2024 թվականին հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ կատարել է լրտեսություն: Նա հավաքել և 622 հազար դոլարի դիմաց նրան է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ-ում տեղի ունեցած փակ, գաղտնի լսումների ընթացքի և արդյունքների մասին ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: