Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և TRIPP նախագիծը, Կենտրոնական Ասիայի երկրները այդ նախագծերի առաջնային շահառուների ցանկում են: Այդ մասին «Օրբելի ֆորում-2025»-ի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
«Ես ձեզ մի օրինակ բերեմ, ինչը, կարծում եմ, ավելի ամբողջական պատկերացում կտա մեր պատկերացումների մասին. Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ են: ԵԱՏՄ-ն ապրանքների, ծառայությունների և աշխատուժի և կապիտալի ազատ հոսքի մասին է: Բայց երբ այսօր նայում ենք մեր փոխադարձ առևտրաշրջանառությանը, տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ԵԱՏՄ-ի բովանդակային տրամաբանությանը չի համապատասխանում, որովհետև էականորեն նվազ է փոխադարձ առևտուրը: Ինչի՞ պատճառով: Այդ թվում՝ հաղորդակցության արագ և էժան ուղիների բացակայության պատճառով, որովհետև այնպես չէ, որ հաղորդակցության ուղիները բացակա են, բայց դրանք երկար են և թանկ: Այս օրերին համաձայնությունների արդյունքում Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս ՀՀ Ադրբեջանի տարածքով, որովհետև վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացնում է իր իր տարածքով դեպի Հայաստան տարանցման բոլոր սահմանափակումները, և ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը, ինչի մասին արտահայտվել եմ նաև միջազգային հարթակներում, և այս հայտարարության առաջին շահառուն կենտրոնական Ասիայի երկրներն են, իհարկե, ՀՀ-ն՝ առաջին հերթին, բայց՝ նաև Կենտրոնական Ասիայի երկրները»,- նշեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ շատերն ասում են՝ այդ պրոցեսները դեմ են կամ հակասում են ԵԱՏՄ շահերին: «Տեսեք՝ այն, ինչ որ այս համաձայնություններից առաջ հնարավոր չէր ԵԱՏՄ անդամ երկու երկրների միջև, հնարավոր դարձավ վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում և դրանից հետո: Սա պարզ օրինակ է, թե ինչ օգուտներ կարող են լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նույնը Ուզբեկստանի դեպքում է: «Մենք շատ մեծ ցանկություն ունենք Ուզբեկստանի հետ մեր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները խորացնելու: Դա շատ լավ տեսություն է, որը գործնականում իրականացման լոգիստիկ խնդիրների է հանդիպում, և այս նախագծերի իրականացումը, իհարկե, նպաստելու է այդ խնդիրների լուծմանը, և սա ճանապարհ է՝ Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսական հարաբերությունները խորացնելու: Սա մի հանգամանք է, որն ունի ապացուցելի հենք»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի՝ տարանցման սահմանափակումները վերացնելու մասին հայտարարությունից հետո, Հայաստանը հայտարարել է, թե պատրաստ է Մարգարայով ու Խնձորեսկով Թուրքիայից դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնատարների տարանցումն ապահովելուն: «Ինչո՞ւ ենք մենք հիմա դա հիշատակում միայն, որովհետև այս պահին դա միակ ուղին, է, որի բոլոր ճանապարհները, ենթակառուցվածքները պատրաստ են:
Քաղաքական մակարդակում մենք խնդիր չունենք նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, այդ թվում՝ երկաթուղային կապ ապահովելու: Հիմա ֆիզիկապես հնարավոր չէ անել, որովհետև չկա երկաթուղի, այն պետք է կառուցել, ինչի շուրջ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում ԱՄՆ-ի հետ, որովհետև Վաշինգտոնի հռչակագրով դա պետք է տեղի ունենա TRIPP նախագծի շրջանակներում, որը ԱՄՆ-ի հետ երկկողմ օրակարգի հարց է, որտեղ, իհարկե, հետաքրքրություններ ունեն Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները»,- ասաց Փաշինյանը:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե պայմանավորվածությունները ինչքանով են համապատասխանում ԻԻՀ, Վրաստանի և Ռուսաստանի շահերին, վարչապետն ասաց հետևյալը. «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ համաձայնությունների իրականացման արդյունքում ԻԻՀ-ն կստանա տարանցիկ ճանապարհ դեպի Սև ծով և հակառակ ուղղությամբ:
Շատ է խոսվում, թե Վրաստանի շահերին ինչքանո՞վ է համապատասխանում սա: Այս նախագծի իրականացմամբ՝ Վրաստանի տարանցիկ հնարավորությունները էականորեն կմեծանան Սև ծով, Պարսից ծոց ուղղությամբ:
ՌԴ-ն երկաթուղային կապի հնարավորություն կունենա, արդեն խոսվում է այդ մասին, որ այդ թվում՝ ՌԴ-ն կարող է երկաթուղային փոխադրումներ իրականացնել դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով: Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն երկարաժամկետ խաղաղության և կայունության գործոն է, և տնտեական համագործակցության ու զարգացման, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի երկրների համար»: