Հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թվականից, այդ իսկ պատճառով առաջարկվում է և՛ 2024, և՛ 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասի դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի վնասը կազմել է 40-100 տոկոս: Այդ մասին Կառավարության՝ հոկտեմբերի 9-ի նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Ըստ նախարարի՝ փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում կազմակերպվի գյուղատնտեսական գործունեություն:
«Նախագծով սահմանվում է, որ այն ֆերմերները, որոնք Կառավարության կողմից արդեն ստացել են ծախսերի փոխհատուցում գարնանացան մշակաբույսերի մշակության համար, 2024-2025 թվականներին չեն կարող դիմել կարկուտի վնասի փոխհատուցում ստանալու համար»,- ասաց նա և, որպեսզի հանրության համար պարզ լինի փոխհատուցվող գումարի շրջանակը, թվերը ներկայացրեց օրինակներով:
«Եթե այգին վնասվել է 100 տոկոսով, ապա ծիրանի դեպքում դա կլինի 301,840 դրամ, կարտոֆիլի՝ 446,950 դրամ, բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում՝ 130,900 դրամ, աշնանացան ցորենի դեպքում՝ 55,328 դրամ: Ըստ վնասվածության աստիճանի՝ փոխհատուցվող գումարը կհաշվարկվի համապատասխանաբար:
Աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները, ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը»,- պարզաբանեց նախարարը:
Պապոյանը նաև տեղեկացրեց, որ գյուղատնտեսության ապահովագության համակարգի լավարկման նպատակով իրականացվում են քննարկումներ և ուսումնասիրություններ՝ անհրաժեշտ փոփոխությունների ենթարկելու այն համակարգը, որը 2024-2025 թվականներին կիրառելիության խնդիր է արձանագրել:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը պարզաբանեց, որ պատճառը, թե ինչու է 2024-2025 թվականների համար կարկուտի հասցված վնասի հատուցում նախատեսվում, այն է, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ներդրված գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգն ունեցել է որոշակի խնդիրներ, ինչն ակնհայտ է դարձրել, որ 2024 և 2025 թվականներին այդ համակարգը հասանելի չի եղել գյուղացիական տնտեսությունների համար՝ ընդունելով, որ դրա պատճառները պետք է լավ հասկացված լինեին, մեխանիզմները համապատասխանաբար վերանայվեին դեռևս նախորդ տարի:
«ԿԲ-ն և Կառավարությունն աշխատում են, որպեսզի այդ համակարգը բերեն այնպիսի վիճակի, որ հնարավոր լինի գործարկել նորացված արդյունավետ համակարգ, և մենք վերադառնանք ապահովագրական համակարգին:
Սա հստակորեն ուզում եմ նշել, որ նաև մեր հայրենակիցները լավ պատկերացնեն, որ այն պահից, երբ հայտարարենք ապահովագրական համակարգը գործարկելու մասին, այլևս սպասումներ չլինեն, որ պետք է մենք կարկուտի հասցրած վնասները հատուցենք՝ ըստ փաստի, այլ պետք է հորդորենք մեր հայրենակիցներին, որ օգտվեն այն հնարավորություններից, որն ընձեռում է ապահովագրական համակարգը, և մենք շարունակենք մտածել ինստիտուցիոնալ եղանակով: Այսինքն՝ կա ապահովագրական համակարգ, եթե ռիսկը տեղի է ունենում, ապա դիմորդները նախապես ապահովագրվում են հավանական ռիսկերից, և եթե տարվա ընթացքում կա՛մ կարկուտը, կա՛մ երաշտը, կա՛մ այլ ապահովագրական ռիսկեր նույնպես կլինեն, կլինի նաև համապատասխան հատուցում»,- ասաց նա:
Գևորգ Պապոյանը նաև տեղեկացրեց, որ այժմ գյուղատնտեսական պահովագրության ոլորտին առնչվող իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, որոնք համարվում են եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն այս ոլորտում: