Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նախագծերի փաթեթով որոշակիացվել են Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների ծավալը և դրա բաշխումը՝ ըստ անհրաժեշտությունների:
Հարցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, մասնավորապես, Արարատյան ավազանի ջրային ռեսուրսների վերաբերյալ, նշեց՝ ցուցանիշները վատացել են 2018 թվականից հետո:
«853 միլիոն մետր խորանարդ ջրառ է իրականացվում միայն ձկնաբուծարանների համար, այն դեպքում, երբ Արարատյան ավազանի վերականգնվող պաշարը 1 միլիարդից չի անցնում: Ինչու են վատացել ցուցանիշները 2018-ից հետո»,- հարցրեց Մինասյանը՝ դիմելով հիմնական զեկուցող, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին:
Նախարարի տեղակալի խոսքով՝ 1,1 միլիարդ խորանարդ մետր է եղել նախկինում վերականգնվող ջրի ծավալը, սակայն համապատասխան ուսումնասիրությունները 2016-2018-ին են իրականացվել միջազգային գործընկերների կողմից և վերաբերում են շուրջ 25 տարվա կանխատեսումներին:
«Այդ վերականգնվող ջրի ծավալը 1,1 միլիարդից իջել է մինչև 926 միլիոն խորանարդ մետր, և սույն նախագծով կարգավորումը հենց այն մասին է, որ վերականգնվող ծավալն է բաշխվում ըստ առաջնահերթությունների՝ սկսած խմելու և կենցաղային ջրի օգտագործման առաջնահերթությունից, այնուհետև՝ ոռոգման: Նաև ձկնաբուծարանների համար տրվող ջրաքանակը սահմանվում է վերականգնվող ջրի ծավալին համապատասխան՝ առաջնահերթությունների սանդղակում գտնվելով չորրորդ հորիզոնականում»,- հայտնեց նա: