Այո՛, ես վստահ եմ, որ ջուրն օգտագործվում է ըստ նպատակային նշանակության, ինչպես Ազգային ժողովը հաստատել է: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Ղազարյանի՝ Սևանա լճից վերցված 30 մլն խմ ջուր վերցնելու վերաբերյալ հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր՝ ի՞նչ նպատակով է վերցվել այդքան ջուրը:
Մկրտչյանը նշեց՝ ՇՄՆ-ն օրենքի նախագծի վերաբերյալ տվել է իր պաշտոնական կարծիքը:
«Վստահաբար ասեմ ձեզ, որ Սևանից վերցված յուրաքանչյուր ջրի կաթիլի օգտագործման նկատմամբ Կառավարությունը պատշաճ հսկողություն է սահմանում»,- հայտարարեց ՇՄ նախարարի տեղակալը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: