Իսրայելի և Իրանի միջև արդեն ինն օր շարունակվող հակամարտության ապաէսկալացման նշաններ առայժմ չկան: Կողմերն օրվա ընթացքում շարունակել են հարվածներ հասցնել միմյանց: Լրատվամիջոցները հայտնում են Իրաքի հետ սահմանակից Ահվազ քաղաքում պայթյունների մասին: Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ կործանիչներով հարվածներ է հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին: Իրանը հաստատել է իսրայելական հարվածներից միջուկային ոլորտի տասներորդ գիտնականի մահը: Ընդհանուր առմամբ, ըստ Իրանի առողջապահական գերատեսչության՝ երկրում զոհերի թիվը հասել է 430-ի, շուրջ 3500 մարդ վիրավորվել է:
Գիշերը պայթյուններ են լսվել Սպահանում, որտեղ գտնվում է Իրանի միջուկային հետազոտությունների խոշորագույն համալիրը: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել: Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում է Սպահանի միջուկային օբյեկտին հասցված նոր հարվածների վնասը: Գիշերվա հարձակումներից տուժել է նաև իրանական Ղոմ քաղաքը:
Բնակելի շենքին հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ 16-ամյա պատանի: Կան նաև վիրավորներ: Ղոմից ոչ հեռու է գտնվում Ֆորդոյի միջուկային օբյեկտը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Ղոմի շրջանում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաղեստինյան մասնաճյուղի հրամանատար Սայիդ Իզադին: Կացը նշել է, որ Իզադին ֆինանսավորել և զինել էր պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից առաջ: Կացը հայտնել է նաև ԻՀՊԿ-ի հրամանատարներից Բենհամ Շահրիյարիի սպանության մասին՝ Թեհրանի արևմուտքում նրա մեքենան թիրախավորելու միջոցով: Իրանական կողմը դեռ պաշտոնապես չի հաստատել երկու հրամանատարների սպանությունը:
Իսկ Իրանի հասցրած հարվածներից Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Հոլոն քաղաքի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան: Թել Ավիվի երկնքում նույնպես աշխատել են հակաօդային պաշտպանության համակարգերը: Իսրայելի հարավում ևս հնչել են օդային տագնապի ազդանշաններ: Իսրայելի բանակը հայտնել է գիշերն իրանական 40 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Ըստ ՑԱՀԱԼ-ի՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր խոցվել է իրանական 470-ից ավելի անօդաչու, ինչը կազմում է դրանց 99 տոկոսը: Իսրայելական կողմը հայտնել է իրանական հարվածներից 25 զոհի, 2500-ից ավելի վիրավորի մասին:
Միջագային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։